ՀՀ Ազգային ժողովը հորդորում է բոլոր երկրների խորհրդարաններին դատապարտել Հունգարիայի ու Ադրբեջանի գործարքը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «2004 թ.-ի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնելու և Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ հայտարարությունը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ամփոփեց քննարկումը և ներկայացրեց աշխատանքային խմբի կողմից ընդունված հայտարարության վերջնական տարբերակը: Զաքարյանը նշեց, որ ընդունվել են խմբագրական նշանակության ունեցող մի քանի կետեր: Իննսունվեց կողմ, մեկ դեմ, ոչ մի ձեռնպահ ձայներովընդունվեց հայտարարության տեքստը, որումասվում է.

- Անդրադառնալով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցնող Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին՝ 2004 թվականի փետրվարի 19-ին քնած վիճակում, կացնահարած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սահիբ Սաֆարովի կողմից կատարված դաժան ու անմարդկային հանցագործությանը,

- Ընդգծելով, որ Հունգարիայի կառավարությունը` որպես ընդունող երկիր, չի ապահովել մասնակիցների անվտանգությունը իր տարածքում կազմակերպված միջազգային միջոցառմանը, - Արձանագրելով, որ հայ սպայի սպանությունը եւ այն կատարած հանցագործը Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար, ամենաբարձր մակարդակով արդարացվում և հերոսացվում էր, ուստի և որոշում կայացնելուց առաջ Հունգարիայի իրավասու մարմինները չէին կարող չգիտակցել ու չկանխատեսել, որ Հունգարիայի օրենսդրությամբ ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործին Ադրբեջանին փոխանցելը նշանակում է վերջինիս ազատություն շնորհել և ստեղծել նախադեպ հայերի դեմ էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունները խրախուսելու համար,

- Փաստելով, որ Ադրբեջան վերադարձված հանցագործին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելը, ինչպես նաև կոչումների ու տարատեսակ պարգևների արժանացնելը քաղաքական ցինիզմի դրսևորում է միջազգային հանրության նկատմամբ,

- Համարելով, որ այս հանցագործությունը հետևանք է ադրբեջանական իշխանություների կողմից պարբերաբար քարոզվող այլատյացության քաղաքականության, իսկ հանցագործին ներում շնորհելով Ադրբեջանի նախագահը և ադրբեջանական իշխանությունները ստանձնում են նրա հանցանքի համար պատասխանատվությունը,

- Որակելով Ադրբեջանի նախագահի հրամանագիրը որպես 1983 թվականի Ստրասբուրգի «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի մարդասիրական նպատակներին, ինչպես նաև մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների և նորմերի ոգուն հակասող գործողություն.

Ազգային ժողովը հայտարարում է, որ

1. Հունգարիայի իշխանությունը նույնպես կրում է կատարվածի համար պատասխանատվությունը,հետևաբար ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Հունգարիայի իշխանությունների դրսևորած վարքագիծը և խորհրդարանական մակարդակով կասեցնում է Հունգարիայի հետ պաշտոնական հարաբերությունները:

2. Ադրբեջանը այս քայլով հերթական անգամ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը և էլ ավելի է խորացնում իր սանձազերծած հակահայկական թշնամանքի և ատելության մթնոլորտը, ոտնահարում է միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները, կրկին ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վիժեցնելու և դրանում միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետևողական քաղաքականությունը:

3. Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

4. Հորդորում է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող բոլոր երկրների խորհրդարաններին դատապարտել Հունգարիայի ու Ադրբեջանի միջև 2012թ օգոստոսի 31-ին իրականացված գործարքը:

5. Ակնկալում է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների համարժեք արձագանքը և համապատասխան հստակ գործողությունները»:

Հայերեն English

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս