Քաղաքականություն

ՀՀ Նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին

5 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին

ԳՅՈւՄՐԻ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում աշխատանքային այցի ավարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 4-ին պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

-Պարո´ն Նախագահ, ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը առողջապահական այս հաստատությունների մասին:

-Բնականաբար, տպավորությունս շատ դրական է, բայց ես կցանկանայի, որ ինքներդ ևս կարծիք կազմեիք՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին: Որակյալ, մատչելի և հասանելի բժշկական ծառայություններից պետք է օգտվեն մեր հանրապետության բոլոր քաղաքացիները: Բայց այստեղ մենք ցանկացել ենք լուծել նաև մեկ այլ խնդիր, և այդ խնդրի լուծումը կարծում եմ տեսանելի է: Մենք ցանկանում էինք իրականություն դարձնել առողջապահական կենտրոնի մոդելը Հայաստանի Հանրապետության համար: Ե՛վարտաքուստ, և՛ ներքուստ, և՛ բժիշկների վերաբերմունքից տեսնում եք, որ այո՛, այսպիսի կենտրոններ մենք պետք է ունենանք Հանրապետության ողջ տարածքում: Բնականաբար, մեկ-երկու տարվա ընթացքում դա հնարավոր չէ, բայց ես վստահ եմ, որ ապագան այսպիսին պետք է լինի:

Շնորհակալ եմ և խնդրում եմ բոլորիդ, որպեսզի պարբերաբար հսկողության տակ պահեք այս առողջապահական կենտրոնի աշխատանքները, որովհետև և՛ տնօրենը, և՛ բժիշկները խոստացել են, որ այս հաստատությունը կլինի օրինակելի:

-Պարո´ն Նախագահ, եթե կարելի է մեկ հարց այլ թեմայով: Ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակումը Հայաստանի կտրուկ արձագանքի առիթ դարձավ: Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ զարգացումներ կան այս թեմայով:

-Աշխատանքները շարունակվում են: Եվ այդ աշխատանքները լինելու են հետևողական, հաշվենկատ, սթափ: Ցանկացած քայլ մենք կատարելու ենք տեղին` ինչպես մեր գործընկերների հետ հարաբերություններում, այնպես էլ միջազգային ատյաններում: Եվ մեր հասարակությունը պարբերաբար տեղեկացվելու է կատարված աշխատանքների մասին: Բայց օգտվելով առիթից՝ ես ուզում եմ դիմել մեր հասարակությանն ու հատկապես երիտասարդներին և խնդրել, որպեսզի նրանք չայրեն Հունգարիայի դրոշը, որովհետև Հունգարիայի դրոշը Հունգարիայի իշխող կուսակցության դրոշը չէ, Հունգարիայի դրոշը Հունգարիայի վարչապետի խորհրդանիշը չէ: Մենք հարյուրավոր տարիներ շատ լավ, բարի հարաբերություններ ենք ունեցել հունգարացիների հետ: Բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքը տվել են Հունգարիայի ազատության, անկախության համար, հասել են բարձր դիրքերի, մեծ նվաճումներ են ունեցել, և մեկ մարդու կամ մի կուսակցության, մի կառավարության տմարդի արարքը չպետք է հիմք դառնա, որպեսզի մենք թշնամանանք հունգարացիների հետ: Սա է իմ խնդրանքը մեր հանրությանը, մեր երիտասարդներին: Իհարկե, կարելի է բողոք արտահայտել, բայց այդ ընթացքում մենք չպետք է դավաճանենք ինքներս մեզ ու մեր արժեքները:

-Պարո´ն Նախագահ, այս կիրակի Գյումրիում քաղաքապետի ընտրություններ են: Հանրապետական կուսակցությունը, ինչպես գիտենք, սատարում է Սամվել Բալասանյանին: Հարցս հետևյալն է. ինչո՞ւ ոչ սեփական թեկնածուով:

-Իսկ ո՞վ է ասել, որ Սամվել Բալասանյանը օտար մարդ է: Եվ ի՞նչ է նշանակում, ընդհանրապես, սեփական թեկնածու: Գիտեք, այս առիթով ես ուզում եմ, որպեսզի մեկ անգամ ևս անդրադառնանք վերջին շրջանում տարբեր ժարգոններով հրապարակվող նյութերին՝ հենց այս «սեփական», «օտար», այսպես ասած՝ «դաբրո», «զապրետ» գողական տերմիններին: Ուզում եմ, որպեսզի բոլորի համար պարզ, հստակ, հասկանալի լինի, որ կուսակցությունները ստեղծվում են նրա համար, որպեսզի կարողանան ակտիվորեն մասնակցել քաղաքական կյանքին: Մարդիկ մտնում են կուսակցություններ, որպեսզի իրենք ևս ակտիվորեն մասնակցեն քաղաքական իրադարձություններին: Իսկ ընտրություններից առավել քաղաքական իրադարձություններ չեն կարող լինել: Ուստի, բնական է, որ կուսակցությունը, կուսակցության ղեկավար մարմինը կամ կուսակցության ղեկավարը պետք է սատարի կոնկրետ կուսակցականի կամ կոնկրետ անհատի: Սա´ այս մասով: Այո՛, իրականությանը համապատասխանում են մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Այո՛, դա այդպես է: Նախ համարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեզ թշնամի կուսակցություն չէ և ոչ էլ հակառակորդ: Մենք աշխատում ենք ընդհանրապես կայացնել արդյունավետ որոշում, օպտիմալ տարբերակ և եթե որևէ տեղ առաջադրում ենք թեկնածու, ապա ծանրութեթև ենք անում, նկատի ունեմ, իհարկե, խոշոր համայնքները, և հաշվի առնելով բոլոր «թեր» ու «դեմ»-երը, նոր միայն առաջադրում ենք քաղաքապետի թեկնածու: Կոնկրետ պարագայում, իմ կարծիքով, Սամվել Բալասանյանը լավագույնս կարող է լուծել այս համայնքում առկա խնդիրները: Նախ մթնոլորտ պետք է փոխվի Գյումրիում, և կարծում եմ, որ Սամվել Բալասանյանը կարող է այդ մթնոլորտը փոխել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում