Քաղաքականություն

Ադրբեջանում ձևավորվել է «կացնային» դիվանագիտություն. Դավիթ Բաբայան

2 րոպեի ընթերցում

 Ադրբեջանում ձևավորվել է «կացնային» դիվանագիտություն. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռամիլ Սաֆարովին մայորի կոչում շնորհելը շատ ցածր կոչում է, առնվազն նրան պետք էր մարշալի կոչում շնորհվեր, քանի որ Ադրբեջանում կուռք դարձած մարդասպանի համար ծախսվել է միլիոնավոր դոլարներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դավիթ Բաբայանը: «Ադրբեջանում ձևավորվել է նոր` «կացնային» դիվանագիտություն, որի առաքելությունն է կացնով սպանել քնած հայորդիներին, այնուհետև Իլհամի փողերով ազատվել բանտից: Սա ցոււյց է տալիս Ադրբեջանի ոչ թե ուժեղ, այլ թույլ ուժը, բարոյալքված վիճակը»,- ասաց Բաբայանը:

Նրա խոսքով` Սաֆարովի քայլը ոչ թե զինվորականության, այլ թուլության նշան էր, քանի որ լավ զինվորը չի կարող սպանել քնած հակառակորդին: «Սա ևս մեկ անգամ վկայում է այն փաստը, որ Ադրբեջանը չի կարող պայքարել ոչ միայն կարճատև, այլև երկարատև պատերազմում»,- նկատեց Բաբայանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը սեպտեմբերի 1-ին ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին մայորի կոչում է շնորհել:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում