Պաշտոնական

ՀՀ Նախագահը ուղերձ է հղել գիտելիքի օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը ուղերձ է հղել գիտելիքի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցել են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է. «Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Ուսումնական գործընթացի անընդհատ կատարելագործումը եղել ու մնում է կարևորագույն առաջնահերթություն մեզ համար: Բայց մեր բոլորի ջանքերը կարող են պսակվել հաջողությամբ միայն մի դեպքում, երբ դուք, սիրելի՛ աշակերտներ, սովորե՛ք, լա՛վ սովորեք: Մենք հավատում ենք ձեզ, ձեր ուսուցիչների մասնագիտական ու մարդկային որակներին, ձեր ծնողների ուշադրությանն ու խնամքին: Այդ ամենն արվում է ձեզ համար, անձամբ ձեզնից յուրաքանչյուրի համար և մեծ հաշվով մեր երկրի համար: Ես էլի առիթներ եմ ունեցել ասելու և հիմա էլ կրկնում եմ. Հայաստանը կարող է լինել միայն կրթված: Այլ Հայաստան պարզապես չի կարող գոյություն ունենալ: Հատկապես շնորհավորում եմ Հայաստանի բոլոր այն մանուկներին, ովքեր այսօր առաջին անգամ ոտք են դնում դպրոց՝ բոլոր առաջին դասարանցիներին: Նրանք սկսում են այն ճանապարհը, որով բացահայտելու են մի նոր ու անսահման աշխարհ՝ գիտելիքի աշխարհը: Հաջողություն եմ մաղթում բոլոր ուսուցիչներին ու դասախոսներին, բոլոր աշակերտներին ու ուսանողներին նոր ուսումնական տարում: Թո՛ղ այն լինի արդյունավետ, որովհետև հենց այդ արդյունավետությամբ է պայմանավորված վաղվա Հայաստանի հզորությունն ու նկարագիրը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում