ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը պատրաստվում է 2-3 միլիարդ եվրոյով գնել Հունգարիայի թողարկած պարտատոմսերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը, այս տարվա սկզբից ի վեր Հունգարիան բանակցություններ է վարում Բաքվի, ինչպես նաև Անկարայի հետ` ֆինանսական օժանդակություն ստանալու և ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար:
«Հունգարիան, բավարար ֆինանսական օժանդակություն չստանալով Արժույթի միջազգային հիմնադրամից և Եվրոպական միությունից, իր հայացքն ուղղել է այլընտրանքային ուղղությունների»,- Reuters-ին հայտնել է Հունգարիայի AKK` պարտքային գործակալության ներկայացուցիչը:
Պատահական չէ, որ նման ֆինանսական գործարքների կայացման փուլում Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց ոճրագործ Ռամիլ Սաֆարովին: Թե ինչ ֆինանսական- քաղաքական գործարքներ են տեղի ունեցել երկու երկրների միջև, կարելի է միայն կռահել:
Նշենք նաև, որ Արբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը խոստովանել է, որ Ադրբեջանն արդեն շուրջ մեկ տարի է` գաղտնի բանակցություններ է վարում Հունգարիայի հետ` Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի կապակցությամբ