Ֆուտբոլ

«Շախտյոր»-ի մամլո խոսնակը Հենրիխ Մխիթարյանին բացառիկ ֆենոմեն է համարում

3 րոպեի ընթերցում

«Շախտյոր»-ի մամլո խոսնակը Հենրիխ Մխիթարյանին բացառիկ ֆենոմեն է համարում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի մամլո ծառայության ղեկավար Ռուսլան Մամազարովն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի եւ ուկրաինական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին` նրան նվիրված մի մեծ հոդված հրապարակելով: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ.

«Հենրիխ Մխիթարյանը ֆենոմեն է, անկեղծորեն, երդվում եմ:Գիտեմ-գիտեմ, հիմա կբարձրաձայնեք, թե շուտ է գովելը, թող Հենրիխը նախ մի քանի խաղաշրջան նման մարզավիճակով անցկացնի: Համաձայն եմ, թող: Սակայն կհավելեմ նաեւ, որ բոլոր հիմքերը կան, որ նա հենց այդպես էլ կխաղա: Ահա ձեզ օբյեկտիվ բոլոր նախադրյալները.

Առաջնահերթ` արյունը: Գիտեք, արյունը մեծ բան է, Մխիթարյանն օժտված է ֆուտբոլային տաղանդով, եւ ոչ առաջին սերնդի: Նրա հորը՝ Համլետ Մխիթարյանին, հիշում են, բոլորը, ովքեր հետաքրքրվում էին սովետական ֆուտբոլով: Ուժեղ խաղացող էր: Ափսոս, վաղ հեռացավ կյանքից: Իսկ որդին կշարունակի խաղալ եւ իր, եւ հոր փոխարեն:Սակայն տաղանդներին էլ պետք է մշակել, այլապես Աստծո պարգևը կարող է պարզապես վերանալ: Եվ այսպիսի յուրօրինակ դեպք կա մեր հայրենական ֆուտբոլում: Կատարյալի հասնող պրոֆեսիոնալիզմ:

«Շախտյորի» կազմում ոմանք Հենրիխ Համլետիչին անվանում են ոչ այլ ինչ, քան բազայի տնօրեն, քանի որ նա ապրում է «Կիրշա» բազայում:Հիմա կմտածեք, թե իրեն չի կարո՞ղ թույլ տալ մի նորմալ բնակարան ձեռք բերել. մի ծիծաղեցրեք ինձ: Մխիթարյանի կարծում է, որ դա իրեն հարկավոր չէ: Այնտեղ աշխատելու համար ստեղծված են բոլոր պայմանները եւ նրան ոչինչ չի կարող շեղել գլխավորից: Իսկ գլխավորը, ինչպես գուշակեցիք` ֆուտբոլային կարիերան է: Ես սա այն դեպքում, երբ մարդն այդքան երիտասարդ է, իսկ ֆինանսական հնարավորությունները` գայթակղիչ: Գովելի է, շատ գովելի է:

Մխիթարյանի պայծառ, թեկուզեւ սեւահեր գլուխը` ահա ամենակարեւորը, ինչ ձեռք է բերել «Շախտյոր»-ը` նրա ճարպիկ ոտքերի հետ միասին: Հենրիխը ոչ միայն խելացի է ֆուտբոլիստ «ձեւաչափում», այլ ներդաշնակ է նաեւ համամարդկային տեսանկյունից: Խելացի, բարեհամբույր, կրթված, դաստիարակված ջենթելմեն` հինգ լեզուների իմացությամբ. հայերենն ու ռուսերենը հասկանալի են, սրանց գումարենք նաեւ անգլերենը, ֆրանսերենը (Ֆրանսիայում ապրել է փոքր հասակում), պորտուգալերենը (վերապատրաստվել է Բրազիլիայում): Մի՞թե հիանալի չէ:

Մի խոսքով, «Շախտյորը» չի սխալվել ընտրության հարցում: Միայն մեկ դժվարություն է իր հետ բերել Մխիթարյանը. ակումբի մամուլի ծառայության համար այժմ չափազանց դժվար է դարձել կայքում «Ամսվա լավագույն» ֆուտբոլիստի համար քվեարկություն անցկացնելը: Նախապես առաջին տեղը պետք է տալ Մխիթարյանին: Այդպիսին է նրա երկրպագուների աջակցությունը: Հենրիխին աջակցում են ոչ միայն հայ երկրպագուները, այլ նա հասցրել է վստահորեն «իրենով» անել նաեւ տեղացի երկրպագուներին: Մի խոսքով, նման խնդիր ավելի լավ է ունենալը, քան չունենալը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում