Ֆուտբոլային կառավարման եւ էկոնոմիկայի հանրահայտ մասնագետ Շոն Համիլը կբանախոսի Երեւանում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով Ֆուտբոլային կառավարման եւ էկոնոմիկայի հանրահայտ մասնագետ Շոն Համիլը կբանախոսի Երեւանում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայից` ֆուտբոլը դիտարկելով որպես հսկայական տնտեսություն եւ կարեւորելով ֆուտբոլի կառավարման ժամանակակից մոդելները, Շոն Համիլը այս եւ այլ թեմաների շուրջ օգոստոսի 21-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, կհանդիպի մարզչական PRO արտոնագրի դասընթացի մասնակիցների հետ:
Հանդիպումը տեղի է ունենում դասընթացի հերթական փուլում, որին մասնակցում են Հայաստանի ազգային հավաքական թիմերի եւ ակումբների գլխավոր մարզիչներ, ովքեր մարզչական գիտելիքներից բացի պետք է տիրապետեն նաեւ ֆուտբոլային էկոնոմիկային եւ ֆուտբոլի կառավարման ժամանակակից մեթոդներին:
Լոնդոնի համալսարանին կից գործող Բըրբեքի քոլեջի մարզական բիզնես կենտրոնի տնօրեն Շոն Համիլի բանախոսությանը ներկա կլինեն նաեւ ՀՖՖ բաժինների ղեկավարները, ՈՒԵՖԱ CFM/DFM ծրագրերի մասնակցիները և Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների գլխավոր քարտուղարները: