ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Նոր ալիք 2012» մրցույթին Հայաստանը ներկայացնող Սոնա Գյուլխասյանն օգոստոսի 15-ին Ղրիմի Արտեկ քաղաքում կայացած մրցույթի առաջին փուլում գրավել է 2-րդ հորիզոնականը` մեկ բացառությամբ արժանանալով ժյուրիի բոլոր անդամների ամենաբարձր` 11 միավորին: «Արմենպրես»-ի հետ զրույցում մրցույթի հայաստանյան պատվիրակության մամլո քարտուղար Մհեր Բաղդասարյանը Ղրիմից հայտնեց, որ Սոնան մրցույթի ֆավորիտների թվում է:
Մրցութային առաջին օրը Սոնան կատարել է Բեյոնսեի Listen երգը, իսկ Հայաստանը ներկայացնող երկրորդ մասնակիցը` Արինա Մալխասյանը, կատարել է Կոմիտաս:
«Չնայած նրան, որ Կոմիտասը հուզել էր ողջ դահլիճը, անգամ կուլիսների ետեւում ձայնագրող անձնակազմին, Ալինան, ի զարմանս բոլորի, բարձր միավորներ չի հավաքել»,- պատմեց Բաղդասարյանը:
Օգոստոսի 16-ի երեկոյան կկայանա «Մանկական Նոր ալիք 2012»-ի մրցութային երկրորդ օրը, որի ընթացքում Սոնան կկատարի Աննա Խաչատրյանի «Կարոտ», իսկ Ալինան` Chocolade երգերը:
Այս տարի «Մանկական Նոր ալիք» մրցույթի հայաստանյան պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը ներկայացնում էոչ թե մեկ, այլ երկու մասնակից, եւ ոչ թե դուետով, այլ անհատ կատարմամբ: Աղջիկները բազմիցս նշել են, որ միմյանց նկատմամբ մրցակցություն չեն զգում, այլ հակառակը` սատարում են իրար մրցույթում:
«Մանկական Նոր ալիք»-ի ժյուրիի կազմը գլխավորում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը: Ժյուրիի անդամների թվում են Կոնստանտին Մելաձեն, Լեւ Լեշչենկոն, Ալսուն:
Մրցույթը կանցկացվի օգոստոսի 15-ից 17-ը: Համաձայն մրցույթի կանոնադրության` «Մանկական Նոր ալիք»-ը չի հեռարձակվում ուղիղ եթեր, այլ ցուցադրվում է տեղական երկրի հեռարձակման իրավունք ձեռք բերած հեռեռուստատեսությամբ` մրցույթի ավարտից օրեր անց: