ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրո պոկեր» նոր հայկական կինոկատակերգության գլխավոր դերերից մեկը կմարմնավորի միջազգային ճանաչում ունեցող վրացուհի մոդել Շորենա Բեգաշվիլին: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Շարմ Հոլդինգ» ընկերության PR պատասխանատու Իզաբելլա Մանասարյանը նշեց, որ Շորենան սցենարը կարդալուցանմիջապեսհետո համաձայնել է մասնակցել ֆիլմի նկարահանումներին:
«Ի սկզբանե սցենարն ինձ շատ դուր եկավ, քանի որ խոսքը ոչ թե սիրային եւ ռոմանտիկ ֆիլմի մասին էր, այլ ակտիվ, իրադարձություններով լի սյուժեի, որտեղ գերակշռում է այսպես կոչված «էքշնը»»,- ասել է դերասանուհին: Նա նաեւ նշել է, որ սիրում է ավտոմեքենաներ եւ արագություն, այդ պատճառով բազմաթիվ անգամներ մասնակցել է ռալլիների:
«Այնպես որ, երբ խոսքը մեքենաների մասին է, ես միանգամից համաձայնվում եմ»,- ասել է Բեգաշվիլին` հավելելով, որ իր եւ ֆիլմում մարմնավորած հերոսուհու միջեւ առկա է որոշակի նմանություն:
«Նա սեքսուալ է եւ խորամանկ: Իսկ փոքրիկ կանացի խորամանկություն, կարծում եմ, բոլոր կանայք էլ ունեն»,- ավելացրել է մոդելը:
Շորենա Բեգաշվիլին միջազգային ճանաչում ունեցող մոդել է, նկարահանվել է «Playboy» ամսագրի շապիկի համար:
Մոդելի իր կարիերային զուգահեռ` նա նկարահանվում է ֆիլմերում, նաեւ Թբիլիսիի հայտնի հաղորդավարուհիներից մեկն է:
«Սիրո պոկերը» ներկայացնում են «Պահանջվում է միլիոնատեր» եւ «Փեսացուն կրկեսից» ֆիլմերի ստեղծագործական եւ պրոդյուսերական թիմերը: Նախքան Երեւանում նկարահանումները սկսելն աշխատանքային խումբը հասցրել է լինել Վրաստանում, որտեղ, սցենարի համաձայն, զարգանալու է իրադարձությունների մի մասը: Վրաստանում նկարահանումների իրականացմանն աջակցում է «Ռուստավի 2» հեռուստաընկերությունը:
Լուսանկարը` է «ՇԱՐՄ Հոլդինգ»-ի