Վարդան եւ Հայկ Պետրոսյանները հայրերի ու որդիների «ճակատամարտ» կբեմադրեն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրված դերասան Վարդան Պետրոսյանը ծրագրում է համատեղ ներկայացմամբ հանդես գալ որդու` Հայկ Պետրոսյանի հետ: Ներկայացումը կկրի «Վերադարձ» խորագիրը եւ հանդիսատեսի դատին կհանձնվի այն ժամանակ, երբ Հայկն ավարտի իր ծառայությունը բանակում: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վարդան Պետրոսյանը, ներկայացումը գուցե համընկնի իր վերջնական վերադարձին Հայաստան, եւ որդու վերադարձին բանակից տուն: «Դա կլինի շատ կրակոտ ներկայացում` հայրեր եւ որդիներ, երկու սերունդ, ճակատամարտ բեմի վրա: Դահլիճի ձախ կողմում կնստեն իմ երկրպագուները, աջ կողմում` նրա, եւ մենք կտեսնենք` ով ում կհաղթի»,- կեսկատակ-կեսլուրջ ներկայացման գաղափարի մասին պատմեց դերասանը:
Նրա խոսքով` եթե Հայկը որոշի շարունակել իր բեմական գործունեությունը, իրենք կհանդիպեն բեմում ժամանակ առ ժամանակ: «Հիմա շատ հաճախ, երբ հյուրախաղերի եմ գնում, ասում են ինչու Հայկին չբերեցիր, ես էլ ասում եմ, ինչու չեք կանչում: Ես չեմ ուզում, որ ինքը իմ ստվերի տակ ելույթ ունենա, որովհետեւ այսօր այդպես կստացվի: Իր ճանապարհը ինքը պետք է հարթի. ի դեպ. նրա մոտ դա վատ չի ստացվում»,- ասաց ավագ Պետրոսյանը` հավելելով, որ յուրաքանչյուր մարդ ինքը պետք է իր գործերը կազմակերպի, հասկանա ինչ է դժվարությունը, փող աշխատելը, այդպես են կոփվում ու դառնում պինդ: Վարդան Պետրոսյանն ինչ-որ առումով Հայկի մեջ տեսնում է իր երիտասարդությունը: «Ես փորձել եմ երկու երեխաներիս էլ խենթ դաստիարակել. այդ խենթությունը նրանց մեջ կա»,- ասաց նա:
Վարդան Պետրոսյանը բեմում իրեն զգում է տիեզերական ազատության մեջվերտառությամբ «Արմենպրես» գործակալության հարցազրույցում դերասանը խոստովանել էր, որ իր ներկայացումներում հաճախ փորձում է սեւն ու սպիտակը, երկու տարբեր բեւեռներ ցույց տալ, «քանի որ յուրաքանչյուր մարդ իր մեջ կրում է հակասություններ»: