Շոու բիզնես

Անի Քրիստին օվկիանոսից այն կողմ պրոպագանդում է հայկական երաժշտությունը

6 րոպեի ընթերցում

Անի Քրիստին օվկիանոսից այն կողմ պրոպագանդում է հայկական երաժշտությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնի շրջանավարտ Անի Քրիստիի գրավիչ անունը չէր միայն, որ երգչուհու ստեղծագործական գործունեության հանդեպհետաքրքրություն առաջացրեց հանդիսատեսի շրջանում: Տարբեր տարիների կտրվածքով երգչուհին մասնակցել է բազմաթիվ մրցույթների` արժանանալով տարբեր մրցանակների, ելույթներ է ունեցել աշխարհի հեղինակավոր համերգասրահներում: 2008 թվականին համագործակցել է օսկարակիր կոմպոզիտոր եւ երգահան Ռահմանի հետ, եւ սա դեռ նրա հաջողությունների մի մասն է:2010 թվականից սկսած` Անի Քրիստին բնակվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Չնայած նրան, որ երգչուհուն ամեն օր հեռուստացույցի էկրանից չես տեսնի, նրա` վաղուց հիթ դարձաձ կատարումները չեն կորցրել իրենց արդիականությունը: ԱՄՆ-ում ծավալած իր ստեղծագործական բուռն գործունեության մասին Անի Քրիստին պատմել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում:

-Բազմիցս շրջանառվել է Ձեր մոտալուտ երեւանյան համերգի մասին լուրը, ե՞րբ եք պատրաստվում մենահամերգով հանդես գալ Ձեր երգերին կարոտած հայ հանդիսատեսի առաջ:

-Հստակ նախաշնված ծրագրեր կան, որոնց մասին այս պահին ոչինչ ասել չեմ կարող: Կան նաեւ ծրագրեր ԱՄՆ-ում, որոնց ավարտը մոտ է: Անկեղծ լինելով` պետք է ասեմ, որ շատ կարոտել եմ իմ հանդիսատեսին, որի շնորհիվ է, որ մենք կայանում ենք եւ սիրվում որպես արտիստ:

-Տարբեր տարիների կտրվածքով Դուք համագործակցել եք հանրահայտ երաժշիտների հետ, ստեղծագործական ուղու սկզբում համատեղ տեսահոլովակ ունեցաք Կոնստանտին Օրբելյանի հետ, ո՞ր հայտնի երաժիշտների հետ առաջիկայում համագործակցելու նպատակներ կան:

-Փառք Աստծո ինձ դասում եմ այն հաջողակների թվին, ովքեր պատիվ են ունեցել համագործակցելու ինչպես հայաստանյան, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող երաժշիտների հետ: Հունիսի 4-ին Լոս Անջելեսի շատ հայտնի ակումբներից մեկում, ուր ելույթ են ունեցել համաշխարհային մեծության շատ երաժշիտներ, պատիվ ունեցա երգելու նաեւ ես:House Of Blues հանրահայտ ակումբում հնչեցին նաեւ հայկական երաժշտական ստեղծագործություններ` համեմված ռոք էլեմենտներով: Երաժշտության հեղինակն արդեն իսկ մեծ ճանաչման արժանացած, հարվածային գործիքների տիրապետող Jacob Armen-ն է: Նրա կողմից հրավեր ստանալու համար հպարտ էի, այն նաեւ պարտավորեցնող էր: Դահլիճում ներկա էին բավական հայտի պրոդյուսերներ, ովքեր բազմիցս հնարավորություն ունեցել էին վայելերու Jacob Armen-ի կատարումները: Նրա` հայկական ոգով հագեցած ստեղծագործությունները ներկայացնելուց հետո ունեցա հրավերներ, որոնց մասին խոսելը դեռ վաղ եմ համարում:

-Ձեր թե ստեղծագործական եւ թե անձնական կյանքն անգամ օվկիանոսից այն կողմ հասարակության ուշադրության կենտրոնում է, ինչպե՞ս եք վերաբերում այդ «գերուշադրությունը»:

-Կարծում եմ, որ քիչ, թե շատ կայացած մարդու համար անակնկալ չէ ուշադրության կենտրոնում լինելը: Ես սովորել եմ ապրել իմ կյանքը ինձ համար` անցնելով բազմաթիվ բարդույթների միջով: Մեր ազգային մտածելակերպը չի թողնում, որ սովորական մահկանացուն ապրի այնպես, ինչպես ինքն է ցանկանում, իհարկե բարոյական բոլոր նորմերը պահպանելով: Մենք ապրում ենք դիմացինի կարծիքների հիման վրա կամ հակառակը դրանց բացակայության ներքո: Փառք Աստծո, նմանատիպ հոգեվիճակում հիմա չեմ գտնվում, եւ հուսով եմ, որ չեմ էլ գտնվի: Նորմալ եմ համարում, որ կան մարդկանց այնպիսի տեսակներ, որոնք ապրում են ուրիշների հաջողություններով եւ դժբախտություններով:

-Հարցազրույցներից մեկում նշել եք, որ «ցինիկ» պոզիտիվությամբ եք օժտված, ինչ նկատի ունեիք այդ արտահայտությամբ:

-Հարցի պատախսանը կդժվարանամ տալ, քանի որ այս շրջանում հարցազրույցներ շատ եմ ունեցել, չեմ կարող ասել, թե հստակ որ պարագայում եմ օգտագործել նման արտահայտություն, սակայն կարող եմ ասել, որ նման երկիմաստ բառակապակցություն ասելու համար երեւի թե լուրջ պատճառներ են եղել (ժպտում է):

-Տարիներ առաջ Ձեր եւ Սպիտակցի Հայկոյի «Ինչ իմանայի» երգը հիթ էր դարձել, կշարունակեք արդյո՞ք ստեղծագործել հաճախ քննադատվող, բայց եւ եկամտաբեր 6.8 ոճում:

-Իմ եւ Հայկոյի դեռեւս ավարտին չհասցված երգը մեր սպասվածից ավելի մեծ հաջողություն ունեցավ, ինչի համար ուրախ եմ: Շարունակել ստեղծագործել 6.8 ոճում, իհարկե, հնարավոր է, մենք բոլորս էլ գիտենք, որ այս երաժշտական ձեւաչափը կարող է դրսեւորվել տարբեր կողմերով, ոչ միայն այն կողմով, որը գերակշռում է հիմա:

-Չնայած նրան, որ, ինչպես Դուք եք նշել, հարմարվել եք ամերիկյան ապրելակերպին, Հայաստանից հեռու գտնվելու ընթացքում ինչն ե՞ք ամենից շատ կարոտում:

-Հարմարվելով ամերիկյան ապրելակերպին` կարոտում եմ նաեւ իմ Հայաստանը, դժվարին, ինչու ոչ նաեւ անհոգ օրերը: Չնայած նրան, որ կյանքն ընթանում է առաջ, եւ բավականին արագ փոխվում են մարդկային հայացքներն ու մտորումները` ինձ մոտ ոչինչ չի փոխվել, ավելին` Հայաստանը իմ տունն է: Արվեստի ոլորտում ստեղծագործող յուրաքանչյուր անձ ներկա ժամանակահատվածում գործունեություն է ծավալում նաեւ ԱՄՆ-ում: Կարոտում եմ իմ հարազատներին, ընկերներին եւ պարզապես բարին կամեցող մարդկանց: Թե երբ կվերադառնամ, դեռ հստակ չգիտեմ, բայց վերադարձս ամեն անգամ լինում է անակնկալներով եւ ուղեկցվում լավ հիշողություններով:

Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում