Մշակույթ

Հայ եւ վրացի դերասանները նոր համատեղ ֆիլմի վրա են աշխատում

2 րոպեի ընթերցում

 Հայ եւ վրացի դերասանները նոր համատեղ ֆիլմի վրա են աշխատում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրո պոկեր» նախնական վերնագրով կինոկատակերգության նկարահանման աշխատանքների համար Երեւան են ժամանել վրացի մի քանի դերասաններ` Զուրա Գաչեչիլաձեն, Ջաբա Կիլաձեն, Նիկա Արաբիձեն, Խվիչա Մագլակելիձեն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ֆիլմի նախաձեռնող «Շարմ հոլդինգ» ընկերության PR պատասխանատու Իզաբելլա Մանասարյանը`ֆիլմի գործողությունները զարգանում են Հայաստանում եւ Վրաստանում: Նրա խոսքով` վրացական կողմից ընտրված դերասաններից մի քանիսը հումորիստներ են, ինչի շնորհիվ նրանք ոչ միայն վարպետորեն կատարում են իրենց դերը եւ հումորի չափաբաժին հաղորդում ֆիլմին, այլեւ թեթեւ ու անկաշկանդ աշխատանքային մթնոլորտ են ապահովում:

«Նկարահանման դադարների ընթացքում էլ շատերի համար աննկատ ձայն ձայնի են տալիս եւ վրացական երգեր կատարում: Նրանք շատ գոհ են երեւանյան ջերմ ընդունելությունից, իսկ ոմանք անգամ մտավախություն են հայտնել, որ այստեղից հեռանալու են առնվազն 7 կգ գիրացած», պատմեց Իզաբելլա Մանասարյանը:

Երեւանում է նաեւ միջազգային ճանաչում ունեցող վրացուհի մոդել եւ վրացական կինոարվեստում արդեն իսկ հայտնի դերասանուհի Շորենա Բեգաշվիլին: Ֆիլմում իր հերոսուհուն մարմնավորելուն զուգահեռ` Շորենան մասնակցում է նաև սաունդթրեքի տեսահոլովակի նկարահանմանը: Իսկ ֆիլմի սաունդթրեքն արդեն ձայնագրված է Ռոլանդի եւ «Ռեինկարնացիա» խմբի կատարմամբ:

Երեւանում եւ Հայաստանի այլ վայրերում նկարահանումների մի մասն ավարտին հասցնելուց հետո նկարահանող խումբն ու դերասանական կազմը կմեկնեն Վրաստան:

Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը, գլխավոր պրոդյուսերը` Ռուբեն Ջաղինյանը, գործադիր պրոդյուսերը` Արմեն Համբարձումյանը: Սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը, Դավիթ Բաբախանյանը, Ռուբեն Ջաղինյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում