Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը ցանկանում Է իր մեդալը հանձնել Հայաստանի սպորտի թանգարանին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Հայաստանի առաջին եւ առայժմ միակ օլիմպիական չեմպիոն, 1996 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 60կգ քաշային կարգի չեմպիոն Արմեն Նազարյանը ցանկանում Է իր մեդալը հանձնելՀայաստանի սպորտի թանգարանին: Այս մասին Նազարյանը հայտարարեց օգոստոսի 4-ին հրավիրված ասուլիսում:
Նա աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Է, մասնակցել Է 4 օլիմպիական խաղերի, 2000 թվականից` Բուլղարիայի դրոշի ներքո: Նա նվաճել Է ոսկե մեդալ 2000թ. Սիդնեյի եւ բրոնզե մեդալ՝ 2004թ. Աթենքի օլիմպիական խաղերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նազարյանը նշեց, որ ժամանակին նա ցանկանում Էր շարունակել հանդես գալ որպես Հայաստանի մարզիկ` խնդրելով ընդամենը իրեն ապահովել գոնե 1 սենյականոց համեստ բնակարանով եւ ամսական 500 դոլար գումարով: Բայց այն ժամանակվա Հայաստանի պետական եւ սպորտի ղեկավարները իրեն չեն ընդառաջել, նույնիսկ չեն պատասխանել իր նամակին, որտեղ նա նշում Էր, որ ստիպված Է մեկնել այլ երկիր: Դրանից հետո նա մեկնել Է Բուլղարիա, որտեղ եւ բնակվում Է առ այսօր, Սոֆիայի պատվավոր քաղաքացի Է դարձել:
Նազարյանի խոսքով` Հայաստանի սպորտում ներկայում այլ պատկեր Է, եւ մարզիկներն ստանում են արժանի փոխհատուցում, ունեն մարզվելու լավ պայմաններ, իսկ ինքը մարզվում Էր ցուրտ եւ խոնավ մարզասրահներում. այդպիսին Էր երկրի այն ժամանակվա տնտեսական վիճակը:
Նա նշեց, որ միշտ սերտ կապեր Է պահպանում Հայաստանի հետ, այստեղ են բնակվում ծնողները, ազգականները եւ ամեն տարի երկու անգամ նա այցելում Է Հայաստան: Վերադառնալն առայժմ բարդ խնդիր Է, եւ իրեն դեռ նման կոնկրետ առաջարկ չեն արել:
2008 թվականին Պեկինի օլիմպիական խաղերում Նազարյանը զբաղեցրել Է 7-րդ տեղը եւ դրանից հետո հեռացել Է մրցագորգից որպես մարզիկ ու վերադարձել որպես մարզիչ: Նա այժմ Բուլղարիայում աշխատում Է որպես մարզիչ-կոնսուլտանտ, Լոնդոնի օլիմպիադային մասնակցող Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմում իր սանն ունի՝ 60կգ քաշային Իվան Անգելովը, որն աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Է:
Մեկնաբանելով Հայաստանի մարզիկների ելույթները Լոնդոնի օլիմպիական խաղերում` Նազարյանն ասաց, որ ինքը կարող Է խոսել միայն իր մարզաձեւի ներկայացուցիչների մասին, որոնք դեռ չեն մեկնարկել եւ որոնց հետ են կապված հայ մարզասերների հույսերը: Ինչ վերաբերում Է ծանրորդներին, ապա նրանց անհաջող ելույթն ուղղակի անտրամաբանական Է եւ անհասկանալի:
Նա շեշտեց, որ մարզիկը նախ եւ առաջ պետք Է ցանկանա հաղթել, տրամադրված լինի հաղթանակի եւ չնայի` ով Է իր մրցակիցը: Ատլանտայում նա այդպես Է հաղթել, ի դեպ, եզրափակչում առավելության հասնելով ամերիկացու նկատմամբ:
Նազարյանն ասաց, որ ինքն ուշադրությամբ հետեւում Է Հայաստանի կյանքին, հայկական սպորտին, ցանկանում Է, որ հայազգի բոլոր մարզիկներն աջակցեն Հայաստանին, ուրախ Է` տեսնելով հունահռոմեական ոճի հայ ըմբիշների, այլ մարզաձեւերի ներկայացուցիչների հաջող ելույթները եւ պատրաստ Է աջակցել դրանց: