Մշակույթ

Երեւանում կնշվի Մարկ Շագալի ծննդյան 125-ամյակը

2 րոպեի ընթերցում

Երեւանում կնշվի Մարկ Շագալի ծննդյան 125-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Ռուսական արվեստի թանգարան»-ում օգոստոսի 4-ին կկայանա գրական-երաժշտական երեկո նվիրված աշխարհահռչակ նկարիչ Մարկ Շագալի ծննդյան 125-ամյակին: Ռուսական արվեստի թանգարանը երեկոյին կներկայացնի մեծանուն նկարչի «Իմ կյանքը» գրքից հատվածներ եւ բանաստեղծություններ, որոնք կհնչեն ասմունքող Աննա Միքաելյանի կատարմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, երեկոյի գրական հատվածը կուղեկցվի Մարկ Շագալի կյանքի եւ ստեղծագործության մասին պատմող տեսաֆիլմով: Ֆիլմի սցենարի հեղինակ եւ ռեժիսորն է «Մենորա» հրեական մշակույթի կենտրոնի փոխնախագահ Արմեն Արնաուտովը: Ֆիլմում հնչող երաժշտությունը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլլի Վայներինն է:

Դեռեւս անցյալ դարի սկզբում Մարկ Շագալի ստեղծագործությունները եվրոպական արվեստում գնահատվում էին որպես յուրահատուկ երեւույթ, իսկ այսօր այն իր հաստատուն տեղն է գրավել համաշխարհային արվեստի պատմության էջերում: Մարկ Շագալի ստեղծագործություններն աչքի են ընկնում նուրբ գունագեղությամբ, նկարչի վառ երեւակայությամբ ստեղծված հմայիչ կերպարներով եւ զարմանալի, միայն իրեն հատուկ գրավիչ միջավայրով: Ժամանակի տարբեր ոճերն ու ուղղությունները միավորող գեղանկարներից, գրաֆիկական աշխատանքներից, վիտրաժներից և նկարազարդումներից բացի մեծ նկարիչն իր կյանքի ընթացքում զբաղվել է նաեւ գրական գործունեությամբ` հեղինակելով բազմաթիվ բանաստեղծություններ, հրապարակախոսական էսսեներ, հուշգրություններ:

Ազգությամբ հրեա նկարիչը ծնվել է 1887 թվականին Ռուսական կայսերությունում, հետո գաղթել է Գերմանիա, այնուհետեւ տեղափոխվել եւ հաստատվել է Ֆրանսիայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում