«Համազգային» թատրոնի նոր շենքի տեղն արդեն հայտնի է
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ղեկավարությամբ գործող «Համազգային» պետական թատրոնի նոր շենքը հնարավոր է` կառուցվի Երեւանի Մաշտոցի պուրակի եւ Սարյան փողոցի վրա գտնվող Գլխավոր փոստի միջակայքում ընկած տարածքում: Թատրոնը տարիներ շարունակ «ապաստանում» է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շենքում, մինչ այդ գործել է Ժուռնալիստների միությունում:
Թատրոնին շենքի հատկացման` տարիներ շարունակ լուծում պահանջող այս խնդրին վերջնականապես լուծում տալու նպատակով հուլիսի 28-ին կազմակերպվել էր հանրային քննարկում:
«Մենք ամեն վայրկյան կարող ենք դրսում մնալ, Մազմանյանը եթե խիղճը կորցնի` կասի` գնացեք, միչդեռ մեր ցանկությունը ոչ թե ժամանցավայր կամ խաղատուն կառուցելն է, այլ մշակութային կարեւոր օջախ` թատրոն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Սոս Սարգսյանը: Նրան վրդովեցնում են այն մտավորականները, ովքեր դեմ են արտահայտվում թատրոնի շենքի նոր` հնարավոր վայրին:
«Մենք օրենքով սահմանված կարգով կազմակերպել ենք բաց քննարկում: Ինձ զարմացնում է մեր մտավորականության վերաբերմունքն այս հարցի նկատմամբ, թեպետ իմ կարծիքը մեր մտավորականության մասին առանձնապես շատ բարձր էլ չէ: Հույս ունեմ, որ վերջ ի վերջո կստեղծվի այն էլիտար մտավորականությունը, որն այսպիսի կարեւոր հարցերի շուրջ այդքան պասիվ չի լինի»,- պարզաբանեց «Համազգային» թատրոնի ղեկավարը:
««Արթ էքսպո»-միջոցառման ժամանակ հանրապետության նախագահը մոտեցավ մեր տաղավարին եւ իր դիրորոշումը համառոտ ներկայացրեց, նա ասաց .«Ես խոսել եմ Սոս Սարգսյանի հետ եւ հավանություն եմ տվել թատրոնի կառուցման վայրին»»,- ասաց «Համազգային» թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:Ըստ նրա` ՀՀ նախագահի բանավոր հավանությունն արդեն իսկ երաշխիք է թատրոնի նոր շենքի շինարարական աշխատանքների մեկնարկի համար:
Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ, չնայած ճարտարապետների հակասական կարծիքներին, նշված վայրում թատրոն կառուցելը համապատասխանում է ճարտարապետական բոլոր պահանջներին:
«Ճարտարապետների միաձայն չեն այս հարցում, սակայն ես, ինչպես նաեւ մի խումբ ճարտարապետներ հրաշալի ենք համարում, որ քաղաքի այդ հատվածը մշակութային ենթակառուցվածքով հարստացվի»,- շեշտեց գլխավոր ճարտարապետը` հավելով, որ թատրոնի համար նախանշված տարածքում կպահպանվեն շատրվանները եւ կանաչապատ տարածքները: Մինչդեռ այժմ տարածքը գտնվում է անմխիթար վիճակում:
Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը, սակայն, մատնանշելով Երեւան քաղաքի զարգացման նախագիծը, անթույլատրելի համարեց նշված տարածքում թատրոնի շենքի կառուցումը:
«Ես չեմ պատկերացնում մի մարդու, ով չցանկանա թատրոնի նոր շենք կառուցել, սակայն խնդիրն այստեղ այն է, որ նշված տարածքը կարեւոր է երթեւեկության եւ հետագայում մետրոպոլիտենի կառուցման համար»,- հայտնեց Մուշեղյանը: Նա թատրոնի կառուցման համար մատնանշեց Կասկադի հրապարակը, Աբովյան պուրակի վերջնամասը:
Հանրային քննարկմանը մասնակից մտավորականների մեծ մասը հակափաստարկներ ներկայացրին Մուշեղյանի կարծիքին. թատրոնի կառուցումը նրանք համարում են առավել օրակարգային եւ անհրաժեշտ` գտնելով, որ այն չի խախտի Երեւանի ճարտարապետական տեսքը:
ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանն արդեն կազմել է «Համազգային» թատրոնի նոր շենքի մակետային նախագիծը:Կառուցվող շենքը կունենա շուրջ 2 հա տարածք եւ չի խոչընդոտի դեպի Հրազդանի կիրճ տանող թունելային ճանապարհին եւ բնակչության երթեւեկին դեպի Սարյան փողոց: