Մշակույթ

Լեոնիդ Ենգիբարյանի արձանը կկանգնեցվի Ծաղկաձորում

3 րոպեի ընթերցում

 Լեոնիդ Ենգիբարյանի արձանը կկանգնեցվի Ծաղկաձորում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեոնիդ Ենգիբարյանի անվան «PANTOMIMEFEST» մնջախաղի միջազգային 3-րդ փառատոնը Ծաղկաձորում կանցկացվի օգոստոսի 10-15-ը: Փառատոնը կազմակերպում են ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնը, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը եւ Ծաղկաձորի քաղաքապետարանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց փառատոնի գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանը:

Փառատոնին կմասնակցեն անհատ մնջախաղացներ եւ մնջախաղի թատերախմբեր տարբեր երկրներից. Մատեո Չոնինին` Իտալիայից, Մակոտո Ինոուեն` Ճապոնիայից, Վեդատ Զառը` Թուրքիայից, Գլեն Խավիերը՝ իր թատերախմբով Դանիայից, Փոլանդ Թիեթր թատերախումբը` Լեհաստանից, Սերգեյ Չերվյակովը` Ղազախստանից, ինչպես նաև 4 հայաստանյան թատրոններ: Փառատոնի հատուկ հյուրն է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, արվեստաբանության թեկնածու, մնջախաղի մասին բազմաթիվ գրքերի, հոդվածների հեղինակ, ինչպես նաև մի շարք ներկայացումների բեմադրող Ելենա Մարկովան Ռուսաստանից:

Փառատոնի ընթացքում կցուցադրվեն բացօթյա ներկայացումներ, որոնց ընթացքում տեղի կունենա անմիջական կոնտակտ հանդիսատեսի հետ, կիրագործվեն տարբեր թատերախմբերի համատեղ ծրագրեր, կլինի փորձի փոխանակում, ինչպես նաեւ փողոցային մնջախաղի վարպետության դասընթացներ եւ այլն: Փառատոնի ընթացքում կանցկացվեն նաեւ պարային մնջախաղի վարպետության մասնագիտացված դասընթացներ բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից: Փառատոնի ընթացքում կգործի անվճար երթուղի (2 մեծ ավտոբուսներ)՝ Երևան-Ծաղկաձոր ուղղությամբ, եւ մայրաքաղաքի հանդիսատեսը նույնպես հնարավորություն կստանա մասնակցելու փառատոնին: Նախատեսվում է ընդլայնել փառատոնի շրջանակները եւ ցուցադրություններ անցկացնել նաեւ Ծաղկաձորի մոտակա քաղաքներում՝ Հրազդանում, Սեւանում եւ այլն:

Նախատեսվում է նաեւ փառատոնի օրերին բացել Լեոնիդ Ենգիբարյանի արձանը Ծաղկաձորում` քանդակագործ՝ Դավիթ Մինասյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում