ԼՂՀ նախագահի ընտրություններում բնակիչների ակտիվ մասնակցությունը նախանձելի է նախկին ԽՍՀՄ որոշ պետությունների համար. քաղաքագետ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում, ինչի մասին էին խոսում նաեւ քվեարկության արդյունքները: Հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից, քաղաքագետ Անդրեյ Արեշեւը:
«Թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում տարբեր շեշտադրումներ էին կատարել, իսկ ընտրությունների արդյունքները խոսում են այն մասին, որ ԼՂՀ-ում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել վերջին հինգ տարիների ընթացքում: Քվեարկությունն արդար էր եւ թափանցիկ: Մենք եղել ենք գրեթե բոլոր ընտրատեղամասերում, անգամ այնտեղ, որտեղ դժվար էր հասնել, եւ առաջին անգամ էին տեսնում դիտորդների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Արեշեւը: Նրա փոխանցմամբ` ընտրություններին ազգաբնակչության մասնակցության բարձր ակտիվությանը կարող են նախանձել նախկին ԽՍՀՄ որոշ երկրներ:
ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի գծով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովն էլ նկատեց, որ առաջին անգամ էր մեծ ուշադրություն դարձվում Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրություններին:
«Շատերը դեմ էին արտահայտվում այդ ընտրությունների անցկացմանը` ասելով, որ դրանք օրինական չեն եւ վնասում են ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցությունների ընթացքին: Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ նշված է, որ ընտրությունների անցկացումը բացասական երեւույթ չէ, ինչն արդեն առաջընթաց է»,-նշեց Ալեքսանդրովը:
Արեշեւը հավելեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բավականին խորամանկ ձեւով են շարադրել իրենց գնահատականը, սակայն այն փաստը, որ իրենք ճանաչում են ԼՂՀ իշխանությունների ձգտումը Արցախը ժողովրդավարական երկիր տեսնելու, դրական միտում է, որը նույն կերպ կանդրադառնա բանակցային գործընթացի վրա:
«Այս ընտրությունները վկայում են, որ ԼՂՀ-ում ձեւավորվելու է մրցակցային քաղաքական դաշտ, որտեղ ընդդիմությունն ու իշխանությունը համագործակցելու են»,-շեշտեց քաղաքագետը:
Հուլիսի 19-ին կայացած Արցախի նախագահի ընտրություններում 99 հազար 227 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 72 հազար 958-ը, որոնցից Բակո Սահակյանի օգտին է քվեարկել 47 հազար 095-ը ընտրող: