Ֆուտբոլ

«Ուլիս»-ն արդեն Մոլդովայում է և պատրաստվում է «Շերիֆ»-ի հետ հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

«Ուլիս»-ն արդեն Մոլդովայում է և պատրաստվում է «Շերիֆ»-ի հետ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուլիս» ֆուտբոլային ակումբը հուլիսի 23-ի առավոտյան մեկնել է Մոլդովա, որտեղ հուլիսի 24-ին Տիրասպոլում տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը տեղի «Շերիֆ»-ի հետ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Հայաստանի չեմպիոնի կազմում խաղին հայտավորվել են` դարպասապահներ` Էդվարդ Հովհաննիսյանը և Մանվել Աֆրիկյանը, պաշտպաններ` Նորայր Գրիգորյանը, Միխեիլ Սիմոնյանը, Թենգիզ Ուգրեկելիձեն, Տիգրան Հախնազարյանը, Նորայր Սահակյանը, կիսապաշտպաններ` Արտակ Գրիգորյանը, Պատոն, Դավիթ Գրիգորյանը, Արագոնեյ դա Սիլվան, Արամ Բարեղամյանը, Արտյոմ Ադամյանը, Օրբելի Համբարձումյանը, Շոթա Ջիքիան, հարձակվողներ` Արսեն Բալաբեկյանը, Ռևիկ Եղիազարյանը և Հովհաննես Մաճկալյանը:

Թեև Հայաստանի չեմպիոնն առաջին խաղում սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտություն էր կրել, սակայն դեռևս հույսեր կան, որ «Ուլիս»-ին կհաջողվի դուրս գալ հաջորդ փուլ: Թիմի ֆուտբոլիստները և մարզիչները հարցազրույցներում բազմիցս նշել են, որ տրամադրված են միայն հաղթանակի: Երևանյան հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանի չեմպիոնը ոչնչով չէր զիջում իր մրցակցին և կարող էր ոչ միայն ոչ ոքի ավարտել խաղը, այլև հասնել հաջողության, եթե թիմի հարձակվողներն օգտագործեին մի քանի հիանալի գոլային պահերը:

Մոլդովայի առաջնության երկրորդ տուրում «Շերիֆ»-ը հուլիսի 21-ին 4:1 հաշվով առավելության է հասել «Ակադեմիա»-ի նկատմամբ և լավ տրամադրությամբ մոտեցել է կարևորագույն խաղին: Այսօր երեկոյան ՀՀ չեմպիոնը նախախաղային մարզում կանցկացնի «Շերիֆ» մարզադաշտում: Թիմերի մրցավեճը հուլիսի 24-ին Երևանի ժամանակով կմեկնարկի ժամը 21-ին: Հանդիպումը կսպասարկի սերբ մրցավար Վլադո Գլոջովիչի գլխավորած մրցավարական բրիգադը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում