Արցախն անգամ շրջափակման պայմաններում Ադրբեջանից առաջ է. քաղաքագետ
2 րոպեի ընթերցում
![Արցախն անգամ շրջափակման պայմաններում Ադրբեջանից առաջ է. քաղաքագետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/07/688234.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում յուրաքանչյուր ընտրություն քաղաքական քայլ է դեպի ճանաչում, սակայն սա չի նշանակում, որ ամեն ընտրություն մեխանիկորեն կարող է հանգեցնել Արցախի ճանաչմանը: Հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:«Արցախի ճանաչման ուղղությամբ տարվող քաղաքական ջանքերը պետք է ավելի ակտիվ լինեն: Ժողովրդավարության գնահատման տարբեր վարկանիշներով` Արցախն ավելի բարձր է կանգնած, քան Ադրբեջանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շեշտեց քաղաքագետը: Մանասյանի խոսքով` Արցախն Ադրբեջանից առաջ է անգամ շրջափակման պայմաններում, արձանագրում է հաջողություններ տնտեսական, քաղաքական կյանքում, որոնց կարող են նախանձել նաեւ եվրոպական երկրները:
ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հավելեց, որ ամեն անգամ ընտրություններն իրականացնելով բարձր մակարդակով` ԼՂՀ-ն եւս մեկ անգամ հաստատում է իր ժողովրդին կառավարելու, սահմանները պաշտպանելու, միջազգային հարաբերությունների մեջ մտնելու կարողությունը եւ ունակությունը:
Խոսելով միջազգային կառույցների եւ Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի կատարած հայտարարության մասին` Ալավերդյանը նշեց, որ անկախ իրենց հայտարարություններից, Արցախը կայացած է` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: «Ճանաչումը քաղաքական գործընթաց է, իսկ կայացումն ու զարգացումը` իրավական».-նկատեց նա:
Հուլիսի 19-ին Արցախում տեղի ունեցան նախագահի ընտրություններ:Նախնական արդյունքներով` առավելագույն քվեները ստացել է ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը: Նրա օգտին է քվեարկել47 հազար 085 ընտրող, որը կազմում է ընտրողների 66,7 տոկոսը:Քվեարկությանը մասնակցել է 72 հազար 833 ընտրող, որը կազմում է քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների 73,4 տոկոսը: Արցախում ընտրելու հնարավորություն ուներ 98 հազար 909 քաղաքացի:
Արցախում նախագահի ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացրել 21 դիտորդ հինգ տեղական հասարակական կազմակերպություններից եւ 103 դիտորդ` այլ երկրներից: