Հարցազրույց

Թուրքիայի հայերի համար հայ լինելն ու հայ մնալն էական եւ առանցքային է. Արա Գոչունյան

9 րոպեի ընթերցում

Թուրքիայի հայերի համար հայ լինելն ու հայ մնալն էական եւ առանցքային է. Արա Գոչունյան

ԵՐԵՎԱՆ,19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական սփյուռքը, սփյուռքում տիրող իրավիճակը մշտապես եղել եւ մնում է Հայաստանի ուշադրության կենտրոնում: Թուրքիայի հայկական համայնքը, հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, եղել է Սփյուռքի ամենախոցելի հատվածներից մեկը:«Արմենպրես»-ը զրուցել է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ժամանակ» պարբերականի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանիհետ`անդրադառնալով Թուրքիայի հայկական համայնքի հիմնական խնդիրներին և դրանց լուծման առնչությամբ տարվող աշխատանքներին:

-Ներկայում Թուրքիայի հայկական համայնքում ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում հայերի ինքնությունը պահպանելու նպատակով:

-Թուրքիայի հայ համայնքում հակական ինքնության պահպանումը մի կողմից սովորական, մյուս կողմից էլ արտասովոր երևույթ է: Ստամբուլում գոյություն ունի հայկական ազգային մեծ թվով կառույցների ցանց, որը ձևավորվել է դարեր առաջ, և հենց այդ կառույցներն իրենց կենսագործունեությամբ էական նշանակություն ունեն հայկական համայնքի հայապահպանության խնդրում: Ընդ որում, կառույցներ ասելով խոսքը չի վերաբերում միայն եկեղեցիներին: Հավատն առաքելական եկեղեցու հանդեպ մշտապես անբաժան է մեր ինքնությունից, այնուհանդերձ, բարոյական առումով, չենք կարող եկեղեցին որպես վարչական կառույց ներկայացնել: Այս հարցում կարևոր դերակատարություն է տրվում եկեղեցու հովանու տակ գործող դպրոցներին:

-Իսկ ի՞նչ վիճակում են գտնվում Թուրքիայի հայկական դպրոցները:

-Դպրոցներում մենք ունենք շուրջ 3500-4000 աշակերտություն: Հիմնականում տարրական դպրոցներ են, կան նաեւ հինգ ավագ դպրոցներ: Սակայն այստեղ կան մի շարք խնդիրներ, որոնք արդիական են ոչ միայն Թուրքիայի հայ համայնքի, այլև ամբողջ սփյուռքի համար. խոսքն ուսուցիչների սերնդափոխության մասին է: Սփյուռքում հայ ուսուցչի, հոգևորականի, գրողի ծավալած ընդհանուր գործունեությունն արդեն իսկ նպաստում է հայապահպանությանը: Սակայն ներկայում կա ինչպես ուսուցիչներ, այնպես էլ հոգևորականներ, գրողներ պատրաստելու խնդիրը: Մենք պետք է այնպես անենք, որ այսօրվա երիտասարդության համար նախընտրելի լինի հայ ուսուցիչ, հոգևորական, գրող, հայ մտքի մշակ դառնալը: Այս ամենը պետք է մարդկանց համար ավելի հրապուրիչ դարձնել, ինչն այսօր, դժբախտաբար, չի կատարվում սփյուռքում: Թեպետ նման խնդիրներ որոշ չափով կան նաև Հայաստանում, սակայն Հայաստանում կա պետականություն, որին էլ վստահված են վերոհիշյալ խնդիրների լուծումը, իսկ սփյուռքում այս ամենի պակասը ճգնաժամային երևույթի կարող է վերածվել: Այստեղ պակասում են լծակները` սերնդափոխություն կազմակերպելու համար, ինչն էլ խարխլում է համայնքի հիմքերը: Ստամբուլն ունի իր առանձնահատկությունները` թե' դրական, թե' բացասական իմաստով: Բացասականն այն է, որ Ստամբուլում այսօր գոյություն ունեցող կառույցները ձևավորվել են այնպիսի ժամանակահատվածում, երբ այստեղ բնակվում էր 150-200 հազար հայ, և այդ կառույցները ստեղծվել էին հայկական զանգվածի սոցիալական, կրոնական, մշակութային կարիքները հոգալու համար: Այսօր Ստամբուլում համայնքային կյանքին ակտիվորեն մասնակցություն ցուցաբերող հայերի թիվը հասնում է ընդամենը 50-60 հազարի: Սա այն ժամանակի հայերի զանգվածի ընդամենը մեկ քառորդն է, որն այսօր կառույցների այդ նույն ցանցն իր սահմանափակ ներուժով փորձում է կարգի բերել: Այստեղ խոսքը գերմարդկային զոհողությունների մասին է, որը, իհարկե, որոշ խոցելի տեղեր է առաջացնում, բայց նաև մյուս կողմից էլ դրական է նրանով, որ ուժեղ մոտիվացիա է ստեղծում` այդ կառույցները ոտքի կանգնեցնելու համար: Սփյուռքահայ լինելն ամենօրյա աշխատանք է պահանջում, ամենօրյա հոգեվիճակի հանգստություն, ինչպես նաև մտավախություն, որ հայկական համայնքը հանկարծ չվնասվի, չկորցվի, պահպանվի: Թե որքանով է հնարավոր այդ երկուսի միջինը գտնել, մեծ հարց է:

- Վերջերս շատ են խոսակցություններն այն հայերի մասին, ովքեր վերադառնում են իրենց հայկական ինքնությանը` մկրտվելով հայկական եկեղեցում: Ի՞նչն է ծպտյալ հայերին դրդում նման քայլի, և այս ամենը որքանով կարող է նպաստել Թուրքիայի հայկական համայնքի վերակենդանացմանը:

-Այո, կան անցյալում դավանափոխ եղած ընտանիքների սերունդներ, ովքեր այսօր հետաքրքրվում են իրենց նախնիների արմատներով և հետևաբար` կրոնական, դավանական պատականելությամբ: Իհարկե, այս հետաքրքրությունը մեծ նշանակություն ունի, քանի որ սփյուռքում իրենց կամքից անկախ հայ ժողողովրդից մեկուսացված այդ մարդկանց արարքը մեծ հարգանքի է արժանի: Ինչպես դրսում, այնպես էլ Հայաստանում հայ լինելը մակերեսային հետաքրքրություն չէ, այլ մեծ արժեքային համակարգ, գիտակցություն, պատասխանատվություն, որոնց մեջ հայ մշակույթի, համազգային ժառանգության նկատմամբ նախանձախնդրություն կա: Մենք Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ մշտապես տածում ենք հատուկ վերաբերմունք, զգայուն ենք մեր լեզվի նկատմամբ, գուրգուրանք ենք տածում մեր համահայկական մակարդակի միասնականության նկատմամբ, սեր` միմյանց հանդեպ: Սրանք այսպես կոչված «կոդեր» են, որոնք ձեռք բերելն այդքան էլ հեշտ չէ: Մեզ համար հայ լինելը շատ էական, շատ առանցքային բան է և դա հաշվի առնելով` թե' սփյուռքում, թե' Հայաստանում իրենց նախնիների, արմատների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող մարդկանց հանդեպ պետք է հատուկ վերաբերմունք, հատուկ հոգածություն ցուցաբերել և դրանից հետո միայն մտածել նոր մարդկանց վերագրավելու մասին:

-Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ Թուրքիայում ի՞նչ նախապատրաստություններ են ընթանում:

- Վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիայում որոշ մարդիկ սկսել են զոհերի հիշատակին իրենց հարգանքն արտահայտել` Ստամբուլի գլխավոր հրապարակում կամ Թուրքիայի այլ քաղաքներում: Կարծում եմ Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ նման երևույթներ կարող են էլի կրկնվել: Նրանք, ովքեր Թուրքիայում հետամուտ են Հայկական հարցի լուծմանը, հասկանում են, որ շատ մեծ գործ ունեն անելու: Իհարկե 2015 թվականին ընդառաջ Թուրքիայում հատուկ պատրաստություն չեն տեսնում, բայց վստահ եմ, որ աննկատ չի անցնի: Թուրքիայի հասարակությունում հայկական հարցի կապակցությամբ ավելի այլընտրանքային մոտեցման կողմակիցները կարող են ինչ-ինչ նախաձեռնություններով հանդես գալ: Մեր ցանկությունը հետևյալն է` ինչ էլ որ լինի` թե’ հայկական, թե’ թուրքական կողմից, ուղղված լինի խնդրի արդարացի լուծմանը:

-Թուրքիայում մշտական գրաքննության և հետապնդումների պայմաններում հայկակական մամուլը որքանո՞վ է կարողանում օբյեկտիվորեն ներկայացնել իրականությունն ընթերցողներին:

-Հետապնդումները թուրքական հասարակության ներքին հավասարակշռությունից բխած ճնշումների հետևանքներ են: Իհարկե, Հայկական հարցի առնչությամբ երբեմն լինում են պրոբլեմատիկ երևույթներ, սակայն դրանք չպետք է ողբերգություն սարքել: Թուրքիայում մի այնպիսի շրջան է, երբ Հայկական հարցը դադարել է տաբու լինելուց, դրա շուրջ աստիճանաբար արտահայտվում են այլընտրանքային տեսակետներ, շատ ավելի հաճախակի են օրակարգում հայտնվում հարցի վերաբերյալ պաշտոնական տեսակետները: Կարող է այս պահի դրությամբ բաժակի մեծամասնությունը դեռեւս դատարկ է, բայց մենք մեր հայացքը սևեռում ենք բաժակի լեցուն մասի վրա, քանի որ միայն այդ պարագայում կարող ենք ևս մեկ կաթիլ ավելացնել դրան: Հակառակ դեպքում այդ համբերատար գործընթացի վերակենդանացումն ավելի բարդ կարող է լինել: Այս ամենը հաշվի առնելով` մենք օբյեկտիվ հասարակական կարծիք մատուցելու դժվարութուններ չունենք: Մենք բոլոր կողմերի տեսակետները կարողանում ենք ավելի առարկայական մատուցել մեր ընթերցողներին և մեր ընթերցողների զանգվածը կարողանում է առողջ կողմնորոշվել: Բնականաբար մի գործոն ևս պետք է հաշվի առնել, որը բնոշոր է ընդհանրապես ամբողջ սփյուռքին: Այսօր մամուլին հետևող զանգվածը հետեւում է ամբողջ լրահոսին. նա տեղեկանում է ոչ միայն սփյուռքի մամուլից, այլ նաև իր երկրի լրատվական լրահոսից, ինչպես, օրինակ, Թուրքիայում հայերը տեղեկանում են նաեւ թուրքական լրատվամիջոցներից: Սա բազմակողմանի լուրեր քաղելու միջոց է: Իսկ մենք, համատեղ ներկայացնելով հայկական և թուրքական տեսակետները` կարողանում ենք կացությունն անարգել և ազատորեն մատուցել մեր ընթերցողներին:

Հարցազրույցը` Արաքս Կասյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում