1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի չորս ներկայացուցիչներ հուլիսի 17-ին եռօրյա այցով մեկնել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
«Նրանք դիտորդական առաքելություն կիրականացնեն հուլիսի 19-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում: Արցախ են մեկնել ԿԸՀ անդամներ Սիլվա Մարկոսյանը եւ Գեորգի Մարտիրոսյանը, ԿԸՀ աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը եւ ղեկավարի տեղակալ Գեւորգ Պետրոսյանը»,-տեղեկացրեց Հարությունյանը:
Հուլիսի 18-ին ԼՂՀ կմեկնի նաեւ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: ԿԸՀ ներկայացուցիչները Հայաստան կվերադառնան հուլիսի 20-ին:
ԼՂ-ում հուլիսի 19-ին կայանալու են նախագահի ընտրություններ, որին մասնակցելու են երեք թեկնածուներ` ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը եւ ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Բալասանյանը: