Հերման վան Ռոմպույը կարևորեց քաղաքացիական հասարակության դերը ԼՂ խնդրի կարգավորման գործում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության հետ քաղաքական ասոցացման միջոցով Հայաստանի մեծ ներուժի կենսագործման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում մեծ է քաղաքացիական հասարակության դերը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ «Հայաստանը Եվրոպայում» համաժողովի ընթացքում հանդես եկավ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը:
«Հայաստանի հսկայական ներուժի կենսագործմանը կարելի է հասնել միայն հակամարտության սպառնալիքը և նախկին հակամարտությունների հետևանքները վերացնելու միջոցով: Այստեղ ևս քաղաքացիական հասարակությունը խաղալու մեծ դեր ունի՝ խրախուսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը»,- ընդգծեց ԵՄ նախագահը:Նրա խոսքով՝ առանց հակամարտության կարգավորման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավմանը խաղաղ բանակցությունները կարող են տապալվել և վտանգել տարածաշրջանի երկարաժամկետ կայունությունը:
«Քաղաքացիական հասարակությունը կենսական նշանակություն ունի ինչպես բարեփոխումների, այնպես էլ խաղաղ բանակցությունների գործընթացում: ԵՄ-ում ամենաբարձր մակարդակով մենք հենվում ենք Ձեզ վրա և ձեզանից սպասումներ ունենք: Ձեր օժանդակությունը կարող է վճռական նշանակություն ունենալ»,- դիմելով համաժողովին մասնակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ամփոփեց Հերման վան Ռոմպույը:
Համաժողովը համատեղ կազմակերպել են Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ Եվրոպական հետազոտությունների կենտրոնը:Եվրոպական խորհրդի նախագահըհուլիսի 3-5-ը պաշտոնական այցով Հարավային Կովկասում է: