Գեւորգ Ղազարյանն անդրադարձել է «Մետալուրգ»-ի պարտության պատճառներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մետալուրգ»-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին` անդրադառնալով «Մետալուրգ» եւ բուլղարական «Լեւսկի» ակումբների միջեւ կայացած ընկերական հանդիպմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ղազարյանն այդ հանդիպման ամենամեծ սխալը համարել է գոլային պահերը չիրացնելը: «Արդեն քանի խաղ է` մենք ստեղծում ենք գոլային պահեր, բայց չենք կարողանում իրացնել դրանք:
«Լեւսկի»-ին շատ լավ ակումբ է: Բուլղարական թիմի ֆուտբոլիստները շատ լավ են գործում փոխանցումներով, ընդհանուր առմամբ, նրանք կարողացան լավ խնդիրներ ստեղծել մեզ համար»,-ասել է նա: Պարտության պատճառներից հայ ֆուտբոլիստն առանձնացրել է նաեւ տաք եղանակը, ինչը այնքան էլ չի անդրադարձել փոխարինման մտած բուլղարացի յոթ ֆուտբոլիստների վրա, ովքեր «թարմ են եղել»:«Միշտ էլ տհաճ է պարտվել: Սակայն մենք տեսանք մեր սխալները և գիտենք, որ պետք է շտկենք դրանք մինչ պաշտոնական խաղերը»,-ասել է ակումբի կիսապաշտպանը:
«Մետալուրգ»-ը հուլիսի 1-ին Ավստրիայում կայացած ընկերական հանդիպմանը Սոֆիայի «Լեւսկ»-ի ակումբին զիջել էր 0:2 հաշվով: