Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահին` ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ուղերձում մասնավորապես ասվում է.
«Մեծարգո պարո՛ն Նախագահ,
Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ձեր առաջնորդությամբ, Ձեր կատարած նպատակային ու վճռական քայլերի շնորհիվ մեր երկիրը ներքին ու արտաքին քաղաքականության բնագավառներում շարունակում է արձանագրել տեսանելի առաջընթաց եւ, որ ամենակարեւորն է, ամուր հիմք է ստեղծվել hանրապետության կայուն զարգացման համար:
Համբերատարությունը, հետեւողականությունը, պետական գործչի Ձեր փորձն ու ունակությունները վստահության ու ապահովության միջավայր են ձեւավորում մեր հասարակության մեջ` ամրապնդելով հավատը վաղվա օրվա հանդեպ: Այդ մասին են փաստում նաեւ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Պարո՛ն Նախագահ, մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, աշխատանքային եռանդ, ուժ ու կորով` ի շահ Հայաստանի Հանրապետության, մեր ժողովրդի բարեկեցության եւ մեր ազգային իղձերի իրականացման»: