ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերությունը վերականգնում է Երևան-Հալեպ կանոնավոր չվերթերը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ընկերության մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան, հուլիսի 2-ից յուրաքանչյուր երկուշաբթի` շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ, կիրականացվեն Երևան-Հալեպ չվերթեր: Հետագայում հնարավոր է չվացուցակի վերանայում և, ըստ անհրաժեշտության, չվերթերի իրականացում:
«Չվերթերի վերականգնմանը գնացել ենք` ելնելով հանրության, առանձին քաղաքացիների և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խնդրանքից»,- նշեց Ավետիսովան:
Երևան-Հալեպ չվերթերը դադարեցվել էին այս տարվա մարտի վերջերից` ելնելով միջազգային բարդ իրավիճակում անվտանգության նկատառումներից:
Շուրջ 16 ամիս շարունակվող բախումների հետեւանքով Սիրիայում զոհվել է ավելի քան տասը հազար մարդ: Զինված ապստամբների գործողությունների արդյունքում հայկական համայնքը եւս կորուստներ է ունեցել. զոհվել են 6 հայազգիներ, որոնցից չորսը` Սիրիայի բանակի զինվորներ:«Սիրիան այժմ իրական պատերազմական դրության մեջ է, եւ իրավիճակը երկրումշարունակում է լարված մնալ». առաջին անգամ երկրի իրադրությանը նման գնահատական տվեց նախագահ Բաշար Ասադը հունիսի 26-ին: