Էդգար Մալաքյանը Պլզենի «Վիկտորիա»-ի հետ երեք տարվա պայմանագիր է կնքել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը Երևանի «Փյունիկ»-ից պաշտոնապես տեղափոխվեց Պլզենի «Վիկտորիա»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով չեխական ակումբի պաշտոնական կայքը, 22-ամյա ֆուտբոլիստը «Վիկտորիա»-ի հետ ստորագրել է երեք տարվա պայմանագիր: «Էդգարը փորձաշրջանի ժամանակ լավ տպավորություն թողեց: Նա հեռանկարային ֆուտբոլիստ է և առաջիկա շաբաթների ընթացքում կսկսի հարմարվել նոր շրջապատին»,- ասել է ակումբի գլխավոր տնօրեն Ադոլֆ Սեդակը:
Իր հերթին, Մալաքյանը նշել է, որ սա իր կարիերայում մեծ առաջընթաց է: «Այժմ ցանկանում եմ ուսումնասիրել չեխական ֆուտբոլը, որպեսզի արագ հարմարվեմ նոր թիմին»,- նշել է ֆուտբոլիստը:
Մալաքյանն արդեն երկու շաբաթ է, ինչ փորձաշրջան էր անցնում չեխական ակումբում՝ վերջինիս կազմում մասնակցելով նաև ստուգողական հանդիպումների:
«Փյունիկ»-ի ևս երկու երիտասարդ կիսապաշտպաններ՝ Դավիթ Մանոյանը և Արտակ Եդիգարյանը, այս օրերին փորձաշրջան են անցնում Դոնեցկի «Մետալուրգ»-ում: