Ավստրիայի առաջին տիկինը ծանոթացավ Երեւանում ավստրիական գրադարանի կարողություններին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Ավստրիայի առաջին տիկիններ Ռիտա Սարգսյանն ու Մարգիթ Ֆիշերն այցելեցին Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ավստրիական գրադարան: Առաջին տիկնայք շրջեցին գրադարանով, ծանոթացան պատմությանն եւ գործունեությանը:
«Ավստրիական գրադարանը սերտորեն համագործակցում է Ավստրիայի մշակույթի նախարարության հետ: Այն հանրային գրադարան է, որից կարող են օտվել ոչ միայն Բրյուսովի ուսանողները: Կա նաեւ գրադարանի օնլայն տարբերակը»,-նշեց գրադարանի համակարգող Լիանա Սաֆարյանը:
Հատուկ առաջին տիկնանց այցելության համար Վիեննայի համալսարանի ուսանողուհի, այժմ ԵՊԼՀ գերմաներենի ամբիոնի պրակտիկանտ Բարբարա Մայեր Լայթների ղեկավարությամբ ավստրիացի ուսանողները թատերական համար էին նախապատրաստել: «Շատ սիրում եմ իմ աշխատանքը, Երեւանը, մարդկանց»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լայթները:
ԵՊԼՀ ավստրիական գրադարանը հիմնադրվել է 2010 թվականի հոկտեմբերի 28-ին: Այն հայ-ավստրիական միակ գրադարանն է, որտեղ ներկայացված են ավստրիական մշակույթին, փիլիսոփայությանը, պատմությանն ու այլ ոլորտներին վերաբերող գրականություն:
2012-ի հոկտեմբերի 29-ին եւ 30-ին նախատեսվոմ է անցկացնել համաժողով` գրադարանն անվանակոչելով Ֆրանց Վերֆելի անունով: ԵՊԼՀ-ի ղեկավարությունն Ավստրիայի առաջին տիկնոջը նվիրեց «Գոհարները, որ Հայաստանը նվիրել է աշխարհին» գիրքը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 25-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ: