Շոու բիզնես

Հայաստանում ռոքը քարոզում է զերծ մնալ թմրամիջոցներից

3 րոպեի ընթերցում

Հայաստանում ռոքը քարոզում է զերծ մնալ թմրամիջոցներից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թմրանյութերի չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հունիսի 26-ինտեղի կունենա«Դորիանս» ռոք խմբի համերգը:«Ապրել եմ ուզում» խորագրով միջոցառումը նախաձեռնել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

«Կայանալիք համերգը հիմնադրամի հետ մեր համագործակցության արդյունքն է, նախկինում «Դորիանսը» մասնակցել է նաեւ ծխախոտի դեմ պայքարի թեմատիկ միջոցառման»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Դորիանս» խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը: Նա համոզված է, որ ռոքը երաժշտության այն ուժեղ տեսակն է, որը կարող է պայքարել նման բացասական երեւույթների դեմ:

«Սովորաբար մարդիկ հակված են ռոքն ասոցացնելու թմրամիջոցների հետ, քանի որ ազատություն է, սակայն իրականում ռոքը պետք է ոչ թեքարոզի թմրամիջոցների օգտագործումը, այլ հակառակը» ,- «Արմենպրես»-ին ասաց «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը: Ռոքը թմրամիջոցների հետ կապելու հիմնական պատճառներից մեկը խմբի մեներգիչը համարում է այն, որ շատ հանրահայտ ռոքերներ մահացել են հենց թմրանյութի չարաշահումից:

«Ժամանակին անգամ Սթինգն էր քարոզում մարիխուաննայի օգտագործումը, սակայն հարցազրույցներից մեկում ինքը եւս նշել է, որ այն ազդեցությունը, էներգիան որը տալիս է թմրամիջոցի օգտագործումը կարող է փոխարինել յոգան եւ այլ օգտակար զբաղմունքները»,- նշեց Սուջյանը: Երգիչը կոչ արեց ժամանակավոր հաճույքի համար երբեք չօգտագործել վնասակար եւ առողջության վրա անդառնալի հետեւանքներ ունեցող միջոցներ:

«Ապրել եմ ուզում» խորագրով միջոցառման նպատակն է երիտասարդությանը տեղեկացնել թմրանյութերի կործանարար հետեւանքների մասին։ Ակցիայի ժամանակ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի եւ Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողներն իրենց ստեղծագործությունների միջոցով հանրության ուշադրությունը կսեւեռեն ամենաարդիական խնդիրներից մեկի՝ թմրամոլության վրա, որը շարունակում է կործանել մարդկային կյանքեր, ծնել հանցագործություն եւ սպառնալ կայուն զարգացմանը։

Միջոցառման ավարտից հետո ուսանողներն իրենց ստեղծած կտավները կնվիրեն տարբեր բուժհաստատությունների։

Հունիսի 26-ը Թմրանյութերի չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն սահմանվել է 1987 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում