Ամենաերիտասարդ պատգամավորը խոստանում է արդարացնել ընտրողների հույսերը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգերորդ գումարման Ազգային ժողովի ամենաերիտասարդ պատգամավոր Հայկ Գրիգորյանը խորհրդարանում տեղի ունեցած քննարկումները կառավարության ծրագրի վերաբերյալ գնահատում է շատ թեժ: Նրա խոսքով` այդ քննարկումներն անցել են առողջ մթնոլորտում: Այսպիսին է պատգամավորի տպավորությունը նորաստեղծ օրենսդիր մարմնի գործունեության առաջին արդյունքներից: Շարունակելով հարցազրույցների շարքը նորընտիր պատգամավորների հետ` «Արմենպրես»-ը զրուցել է Հայկ Գրիգորյանի հետ:

-Արդեն տեղի է ունեցել ԱԺ-ի արտահերթ նստաշրջանը, ընդունվեց կառավարության ծրագիրը: Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանի աշխատանքները եւ տեղի ունեցած քննարկումները:

-Նորընտիր խորհրդարանի աշխատանքները գնահատում եմ բավականին դրական: Այն ունի շատ պրոֆեսիոնալ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորներ: Մենք ուշի ուշով հետեւելու ենք կառավարության բոլոր քայլերին, քանի որ մենք եւս մեծ պատասխանատվություն ենք կրելու դրանց համար: Իսկ քննարկումներն, այո, շատ թեժ էին, որը բավականին գովելի էր: Եվ առողջ քննարկումների արդյունքում էր, որ 72 կողմ, 46 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունվեց կառավարության առաջիկա չորս տարիների ծրագիրը:

-Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եք: Ինչպե՞ս եք պատկերացնում աշխատանքն այդ հանձնաժողովում:

-Մեր հանձնաժողովն ունենալու է իր պատասխանատվությունը եվրաինտեգրման գործում: Գաղտնիք չէ, որ մեր երկիրը համաչափ քայլերով գնում է դեպի եվրոպական մեծ ընտանիք, և դրա համար Հայաստանի Հանրապետությունը կատարել եւ կատարում է մի շարք բարեփոխումներ բոլոր ոլորտներում: Մեր հանձնաժողովի կարեւորագույն խնդիրներից է լինելու ուսումնասիրել կատարվելիք բարեփոխումները եւ տալ համապատասխան եզրակացություններ դրանց վերաբերյալ:

-Լինելով անկուսակցական` ինչո՞ւ Ձեր ընտրությունը կանգնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության վրա:

-ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որի գաղափարախոսությունն ինձ շատ հոգեհարազատ է, քանի որ հիմնված է Գարեգին Նժդեհի ուսմունքների վրա: Բացի այդ, կուսակցությունն այն իրական ուժն է, որը կարող է իր գործունեությամբ մեր երկիրը տանել մի ճանապարհով, որի նպատակակետն է՝ հզոր հայրենիք եւ բարեկեցիկ ժողովուրդ: Այդ գործընթացն արդեն սկսվել է, և ժողովրդի վստահության քվեն մեզ տալու է ուժ` իրականացնելու մեզ վրա վերցրած պարտականությունները:

-Դուք առաջադրվել էիք թիվ 37 ընտրատարածքում: Ի՞նչ կարեւորագույն եւ առաջնահերթ խնդիրներ ունի այդ տարածաշրջանը, որը ներկայացնելու եք խորհդարանում:

-Սյունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից է գործազրկությունը, որը բնորոշ է Հայաստանի բոլոր շրջաններին: Մեր մարզն ունի յուրահատուկ աշխարհագրական դիրք եւ բազում պատմամշակութային հուշարձաններ, որոնք հրաշալի հնարավորություն են Սյունիքը զբոսաշրջության կենտրոն դարձնելու համար: Այս միջոցով կապահովվեն նաեւ աշխատատեղեր, և դա կդառնա մեր մարզի զարգացման գրավականը: Նախորդ տարի կառավարության կայացրած որոշումներից մեկը վերաբերում էր Գորիս քաղաքը զբոսաշրջության կենտրոնի վերածելուն: Իմ ուշադրության կենտրոնում եմ պահելու այդ որոշման կյանքի կոչումը:

-Իսկ առհասարակ, Ձեր ըտրողներն ի՞նչ խնդիրներ էին մատնացույց անում:

-Նախ եւ առաջ ուզում եմ վստահեցնել իմ ընտրողներին, որ անելու եմ անհնարինը, որպեսզի նրանք չափսոսեն իրենց ընտրության համար: Խնդիրները բազում էին՝ գործազրկություն, արտագաղթ, երիտասարդության հետ կապված հարցեր, աշխատավարձերի բարձրացում, դպրոցաշինություն, սոցիալական արդարություն: Իմ գործունեությունը ծավալելու եմ այս խնդիրների շրջանակում եւ դրանց լուծման ուղղությամբ:

-Որպես ամենաերիտասարդ պատգամավոր, ի՞նչ բացահայտումներ արեց Ձեզ համար հինգերորդ գումարման խորհրդարանը եւ ի՞նչ կցանկանայիք փոխել:

-Օրենսդիր իշխանությունում յուրաքանչյուր պատգամավոր պարտավոր է օրնիբուն աշխատել երկրի օրենքների ստեղծման եւ նախկին օրենքների արդիականացման գործում, որպեսզի մեր երկիրը զարգանա համահունչ կերպով: Մենք պետք է լինենք շատ ավելի բարձր մակարդակում` թե՛ մեր տնտեսության զարգացմամբ, թե՛ մեր ժողովրադավարությամբ: Ես կցանկանայի միավորել մեր բոլորի ուժերը և երկիրը տանել ճիշտ ճանապարհով:

Հարցազրույցը` Անահիտ Առաքելյանի

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա