Ֆուտբոլ

Իտալացիներն արժանիորեն կիսաեզրափակչում են. ՖՈՏՈՇԱՐՔ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

3 րոպեի ընթերցում

Իտալացիներն արժանիորեն կիսաեզրափակչում են. ՖՈՏՈՇԱՐՔ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո 2012-ի քառորդ եզրափակչի վերջին` Անգլիա-Իտալիա հանդիպումը, կայացավ Կիեւի «Օլիմպիական» մարզադաշտում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս հանդիպումը եւ մասնագետների, եւ ֆուտբոլասերների կողմից համարվում էր Եվրո 2012-ի ամենաանկախատեսելի հանդիպումը: Կար այնպիսի կարծիք, թե երկու թիմերն էլ հավասարազոր են, եւ ավելի շատ ապավինում էին «բախտի» գործոնին: Սակայն երկու թիմերի մարզիչներն էլ հայտարարել էին, որ իրենք են հաղթելու:

Իտալացիները հանդիպումը մեկնարկեցին իրենց բնորոշ տաքարյունությամբ` անմիջապես փորձելով առաջ անցնել հաշվի մեջ: Եվ նրանց առաջին իրական գոլային պահին անգլիացիներին օգնության հասավ դարպասաձողը:

Չցանկանալով հետ մնալ մրցակիցներից, անգլիացիները բավականին հաջող և կտրուկ հակագրոհ կազմակերպեցին, որտեղ անկրկնելի «Save» կատարեց Ջ.Լ. Բուֆոնը: Խաղային իրավիճակներում կարճ ժամանակով անգլիացիները բացահայտ առավելություն էին ստանում, որը դարպասի գրավմամբ չէր ավարտվում:

Անզիջում եւ լարված պայքարն ավելի հետքրքրական էր դառնում, քանի որ երկու թիմերն էլ տիրելով գնդակին սրընթաց նետվում էին մրցակցի կիսադաշտ: Տարբերությունն այն էր, որ անգլիացիները բոլոր դիրքերից եւ պահերից հարվածում էին դեպի դարպասը: Այդուհանդերձ, առաջին խաղակեսն ավարտվեց 0-0:

Երկրորդ կեսում խաղը մեկնարկեց նույն մարտական տրամադրվածությամբ, երկու թիմերն էլ շարունակում էին իրենց կտրուկ գրոհները: Հաղթանակի ձգտելով` նրանք անցնում էին վճռական գրոհների, բայց հանդիպման միջնամասում լուսատախտակին դեռ զրոներ էին:

Չմոռանալով լրացուցիչ ժամանակի մասին, երկու թիմերի գլխավոր մարզիչները զգաշավորությամբ էին մոտենում թիմերում փոփոխություն կատարելուն: Դիտարաժան այս խաղի ընթացքում երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ ավելի գրագետ եւ կոռեկտ խաղ էին ցուցադրում:

Երկու թիմերին էլ չհաջողվեց գտնել մրցակցի թույլ կողմը, եւ հավաքականները պայքարը շարունակեցին լրացուցիչ ժամանակում: «3-րդ խաղակեսը» շարունակվեց նույն տեմպով եւ ոգեւորությամբ:

Իտալացիները, տիրելով խաղային իրադրությանը, ունենալով դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություն, այնուամենայնիվ, չէին կարողանում բացել խաղի հաշիվը: Ավելացված ժամանակի երկրորդ խաղակեսը եւս անցավ իտալացիների բացարձակ առավելությամբ, բայց շարունակվեց 11 մետրանոց հարվածներով:

Իտալացիներից առաջինը գնդակին մոտեցավ Բալոտելին եւ անվրեպ իրացրեց այն: Անգլիացիներից Ջերարդը նույնպես գրավեց դարպասը: Երկու թիմերից էլ եղան վրիպումներ: Այնուհետեւ, վերջնական վճռական հարվածը, որն իտալացիներին արժանիորեն դուրս բերեց կիսաեզրափակիչ, կատարեց Դիամանտին (4-2):

Կիսաեզրափակչում իտալացիները կհանդիպեն Գերմանիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա հունիսի 28-ին Վարշավայի «Ազգային» մարզադաշտում:

Անգլիա Իտալիա

3 Անկյուն 7

0 Դեղին 2

0 Կարմիր 0

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում