Շուշան Պետրոսյանը պատրաստ է ազգի հետ մշակույթի լեզվով շփվելով հասնել հաջողության
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանի յուրաքանչյուր բեմելը մեծ իրադարձություն է հայ երաժշտական կյանքում: Չնայած նրան, որ երգչուհին վերջին ժամանակներում, ինչպես ինքն է ասում, 3 ժամ տեւողություն ունեցող կենդանի հնչողությամբ ամսական 8 համերգ է ունենում` Արմեն Հյուսնունցի ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ, մարտի 23-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած մենահամերգը ավելի քան սպասված էր երգչուհու արվեստը գնահատողների համար: «Սիրում եմ...» խորագիրը կրող համերգից անմիջապես հետո, երբ Օպերային թատրոնից արդեն հեռացել էր երգչուհու ինքնագրին համբերատար սպասող վերջին հանդիսատեսը, «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց երգչուհու հետ ոչ միայն հաջողված համերգային ծրագրի, այլեւ ստեղծագործական գործունեւության մասին:
-Շուշան, համերգը հենց սկզբից առանձնացավ հագեցած շոու-ծրագրով, յուրօրինակ դեկորացիաներով եւ պարային բեմականացումներով, այն իսկապես սպասված էր հանդիսատեսի համար. ի՞նչպիսին է համերգից ստացած տպավորությունը:
-Իսկապես ինձ համար եւս սպասված էր, այն կարծես իմ ստեղծագործական գործունեության 20 ամյակի ամփոփումը լիներ: Րոպեներ առաջ եմ բեմից դուրս եկել, հավատացեք ինձանում այնքան ուժ, երգ կա դեռ, կարծես ասելիքս կիսատ մնաց: Մենահամերգը պետք է կայանար անցյալ տարի նոյեմբերին, սակայն Օպերային թատրոնի դահլիճը զբաղված էր բոլոր օրերին, այնուհետեւ ես բացակայում էի երկրից երկու ամսով, երբ վերադարձա մարտի սկզբին որոշվեց համերգի օրը:
-«Սիրում եմ...»-ը տարբերվեց նաեւ նրանով, որ համերգի ընթացքում չհնչեցին երկար «վերամբարձե խոսքեր, շնորհավորանքներ, փոխարենը ներկաները հնարավորություն ունեցան ունկնդրելու որակյալ երաժշտություն: Ո՞ւմ էր պատկանում համերգի նման ձեւաչափում իրականացնելու միտքը:
-Դա մասնավորապես Արթուր Սահակյանի եւ առհասարակ համերգի կազմակերպիչ «Շարմ հոլդինգ»-ի ողջ ստեղծագործական խմբի գաղափարն էր: Համերգի թե սցենարի, թե բեմադրության գաղափարը պատկանում էր Արթուրին: Ես ինքս էլ չեմ սիրում երկար խոսքեր լսել, իհարկե դրանք եւս շատ կարեւոր են արտիստի համար, բայց ծափահարությունը, մեկ «բրավո»-ն ավելի կարեւոր են: Լինում են դեպքեր, երբ մարդիկ հուզմունքից չեն ծափահարում, տեսնում ես նրանց աչքերը եւ ամեն ինչ պարզ է դառնում:
-Գուցե, որպես հանդիսատես, «էգոիստությունիցե դրդված եմ հարցադրումս կատարում, սակայն կար ափսոսանք, ցանկություն, որպեսզի համերգը շարունակվի. արդյո՞ք այն փոքր-ինչ կարճ չէր:
-Անկեղծ ասած` ես էլ ունեի նույն զգացողությունը, սակայն դա իմ սկզբունքն է: Նախորդ համերգային ծրագրերս նույնպես եղել են կարճ, այսինքն` դասական` մոտ 1 ժամ 20 րոպե տեւողությամբ: Կարծում եմ, այդպես ճիշտ է, քանի որ հանդիսատեսը պետք է ափսոսանք զգա, որ այն վերջացավ, ոչ թե անհամբեր սպասի ավարտին: Այդպես, կարծես, համերգի համը մնում է բերանումդ: Սիրում եմ ասելիքս հակիրճ ասել: Համերգի ընթացքում հնչեցին բոլոր այն երաժշտական ուղղությունները, որոնցում երգում եմ:
-Համերգային ծրագիրն ուղեկցվեց Ձեր կյանքի եւ ստեղծագործական գործունեության մասին պատմող ֆիլմով. ի՞նչպես առաջացավ այն ստեղծելու գաղափարը:
-Ֆիլմում պատմողի դերում չէր հնչում իմ ձայնը, դա իմ ցանկությունն էր, նախընտրեցի, որ պրոֆեսիոնալ դեսարանուհին ֆիլմում խոսի իմ փոխարեն: Արթուրին հաջողվեց գտնել այդ կանացի մեղմ ձայնով դերասանուհուն: Ֆիլմի պատմությունն է իմը, որի հիման վրա էլ գրվեց սցենարը:
-Ֆիլմի վերջում Դուք նշում եք, որ կան շատ տաղանդավոր եւ շնորհալի մարդիկ, ովքեր, սակայն, սիրել չգիտեն, այդ պարագայում ի՞նչպես կհուշեք սիրել, ի՞նչ է սերը Ձեր մեկնաբանությամբ :
-Երբ դադարում ես ատել, հերքել, ջախջախել, չարանալ, չընդունել, տրորելով անցնել առաջ, սկսում ես սիրել: Երբ ազատվում ես չարությունից, սերը գալիս է: Պետք է չնախանձել, չտխրել ուրիշի ուրախությունից, կիսել սեփական ուրախությունը բոլորի հետ: Քո վաստակած հանապազօրյա հացը պետք է սովորել կիսել մերձավորների հետ, երբ կարողանում ես դա անել, այդտեղ է, որ սերը գալիս է:
-Դուք ունեք երկու մասնագիտություն` երգը եւ նկարչությունը, այդ մասին նաեւ ֆիլմում է անդրադարձ կատարված, ի՞նչ առանձնահատկություն կա երաժշտության մեջ, որ չկա նկարչությունում:
-Այն, ինչ կա երաժշտության մեջ, նկարչություն է եւ հակառակը: Իրականում այնքան մեղեդիներ կան նկարչության մեջ: Երբեմն պատահում է` երբ նայում ես նկարին, այն անբողջովին երգ է, սիմֆոնիկ ստեղծագործություն: Թերեւս նույնն է այս երկուսի խոսքը:
-Երբեմն մեծ ծրագրերց հետո արտիստների մոտ ստեղծագործական դադար է գրանցվում` նոր նախագծեր ուրվագծելու համար, ի՞նչ ծրագրեր ունենք առաջիկայում:
-Ապրիլին կմեկնեմ Կանադա հյուրախաղերի, մինչ այդ մենահամերգ ունեմ Գյումրիում, հավանաբար` Վանաձորում: Կան նաեւ ծրագրեր` կապված նախընտրական քարոզարշավի հետ, սակայն պետք է համատեղել, քանի որ միշտ աշխատում եմ, երբեք չեմ վախենում աշխատանքից: Մայիսին համերգ է նախատեսվում նաեւ Արցախում, նաեւ Գերմանիայում` Քյոլնում եւ Համբուրգում:
-ՀՀԿ-ին Ձեր անդամակցության մասին լուրը ստացավ լայն հասարակական հնչեղություն: Ձեր գնահատմամբ` առաջին հերթին ինչո՞վ է կարեւորվում խորհրդարանում աշխատելը մշակութային գործչի համար:
-Ես շատ լավատես եմ, անկոտրում լավատես, որովհետեւ երբ եթե անգամ ինչ-որ բան չստացվի ինձ մոտ, արդյունքում, մեկ է, ստացվելու է: Ես այդպիսին եմ, այդպես է անցնում իմ ստեղծագործական կյանքը, անհնար է, որ ինչ-որ բան չստացվի: Առաջին հերթին պետք է լինեն կիրթ հարաբերություններ բոլոր ոլորտներում, բոլոր կուսակցություններում եւ դա հենց մշակույթի սկիզբն է: Ազգի հետ մշակույթի լեզվով պետք է շփվել: Մշակույթի միջոցով շփվելը` դիմացինին հարգելն է, այդ գաղափարը իր մեջ շատ խորը խորհուրդ ունի:
Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի