Արաբագետն առաջարկում է հնարավոր բոլոր ձեւերով թույլ չտալ սիրիահայերի արտագաղթը
1 րոպեի ընթերցում
![Արաբագետն առաջարկում է հնարավոր բոլոր ձեւերով թույլ չտալ սիրիահայերի արտագաղթը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/06/685458.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պաշտոնական եւ ոչ պաշտոնական խողովակներով պետք է ցույց տա, որ կանգնած է սիրիահայ համայնքի կողքին: Հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց արաբագետ Հայկ Քոչարյանը:
«Մենք կկորցնենք մեր ներկայությունը Մերձավոր Արեւելքում, եւ պետք է անել ամեն բան, որ սիրիահայերի արտագաղթ չսկսվի: Բացի այդ, նրանք դարեր շարունակ ապրում են Սիրիայում, ունեն իրենց ապրելակերպը, մշակույթը, եւ այն համարում են իրենց հայրենիքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց արաբագետը:
Նրա խոսքով` Քոֆի Անանի ծրագիրը հնարավորություն էր դեպքերի զարգացման բարդությունից խուսափելու համար, սակայն ընթացքը ցույց տվեց, որ ծրագիրը չի աշխատում: Մինչեւ նոյեմբեր` ԱՄՆ նախագահական ընտրությունների մեկնարկը, Սիրիայի իշխանություններն օգտագործելու են այդ ժամանակահատվածը իրենց դիրքերն ամրապնդելու համար: Արաբագետի համոզմամբ` տարածաշրջանային զարգացման տեսանկյունից երկիրը փաստացի կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին. կա իշխանություն, որը ամեն կերպ փորձում է կանխել ընդդիմության գործողությունները, պառակտել այն ամենը, ինչը տեղի է ունենում ընդդիմության շուրջ, բայց պարզ չէ, թե ով է այդ ընդդիմությունը: