8 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանը հայտարարել է իր արտաքին քաղաքականության առաջնահերություններից մեկը: Հայաստան-ԵՄ հարաբերությունների, դրանց վրա հայաստանյան ընտրությունների ազդեցության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցեց Ընդլայնման և եվրոպական քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
-Պարո'ն Հանձնակատար, վերջին ամիսների ընթացքում ինչպես Հայաստանի իշխանությունները, այնպես էլ եվրոպացի գործընկերները ընդգծում էին, որ հայաստանյան խորհրդարանական ընտրությունները խիստ կարևոր են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագայի համար: Ինչպիսին է այդ ընտրությունների վերաբերյալ Ձեր գնահատականը:
-Մայիսի 8-ին ես և Բարձր ներկայացուցիչ Էշթոնը հայտարարություն տարածեցինք, որում, հենվելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության նախնական զեկույցի վրա, ողջունեցինք Հայաստանի իշխանությունների ջանքերը` խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացում առաջընթաց արձանագրելու, առավել թափանցիկ և մրցակցային ընտրական գործընթաց կազմակերպելու հարցում: Այնուամենայնիվ, մենք հավատում ենք, որ դեռևս հարկ է լուծել մի շարք խնդիրներ` միջազգայնորեն ճանաչված ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար: Իմ նշած խնդիրները մասնավորապես առնչվում են ընտրողների ցուցակների անճշտութուններին, նախընտրական քարոզարշավին առնչվող Ընտրական օրենսգրքի դրույթներին, նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման կանոնների և դիմում-բողոքների դիտարկման իրավական ձևաչափի վերանայման անհրաժեշտությանը: Շատ կարևոր է այս թերություններն ամբողջությամբ վերացնել` հաջորդ տարվա սկզբին նախատեսված նախագահական ընտրություններին ընդառաջ:
-Ինչպիսի հեռանկար եք տեսնում Հայաստան-ԵՄ հարաբերություններում այս ընտրություններից հետո և որոնք են եվրոպական գործընկերների սպասելիքները Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից:
-Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, հատկապես հաշվի առնելով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Արևելյան գործընկերության բոլոր ասպեկտներում, ինչի արդյունքում 2010թ-ի հուլիսից սկսած Հայաստանը շատ մեծ առաջընթաց է արձանագրել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների բոլոր ոլորտներում: Ի պատասխան` ԵՄ-ն պատրաստ է շարունակական օժանդակություն ցուցաբերել Հայաստանի ձեռնարկած հավակնոտ բարեփոխումների հարցում: «Ավելին ավելիի դիմաց» մոտեցման տրամաբանությունը հետևյալն է. մեր կարևորագույն պահանջներից մեկը ժողովրդավարական և վստահելի ընտրությունների անցկացումն է, որի համար մենք պարաստ ենք օժանդակություն ցուցաբերել, նույնիսկ եթե դրանից առաջ արձանագրվել են որոշակի թերություններ, սակայն հարկ է այդ թերությունները ևս ամբողջությամբ վերացնել:
-Ժողովրդավարության առաջընթացը Արևելյան գործընկերության շրջանակներում հարաբերությունների խորացման կարևորագույն կետերից է: Այս համատեքստում ինչպես եք գնահատում Հայաստանի առաջընթացը և ինչ կարող ենք ակնկալել մոտ ապագայում:
-Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանին առնչվող Առաջընթացի զեկույցում անցած ամիս ես և Բարձր ներկայացուցիչ Էշթոնն ընդգծել ենք, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտի խնդիրները լուծելու հարցում լուրջ ջանքեր են ներդրվել, սակայն հատկապես օրենսդրության իրագործման հարցում դեռևս հետևողական աշխատանքի անհրաժեշտություն կա: Առաջիկա ընտրություններին երկիրը նախապատրաստելու հարցում արդեն իսկ ձեռնարկվել են դրական քայլեր, այդ թվում փոփոխություններ են արվել Ընտրական օրենսգրքում, իսկ երկրի Նախագահն էլ համաներում է հայտարարել` 2008թ-ի մարտի մեկի արդյունքում անազատության մեջ հայտնված անձանց նկատմամբ: Այնուամենայնիվ, մենք դեռևս մտահոգություններ ունենք խոսքի ազատության առնչությամբ, մասնավորապես հեռուստատեսության ոլորտում, ինչպես նաև քաղաքացիական օրենսգրքում վիրավորանքին և զրպարտանքին առնչվող հոդվածների առնչությամբ: Չնայած բարեփոխումների ջանքերին` դատական իշխանության հանդեպ հանրային վստահությունը շարունակում է ցածր մնալ և կոռուպցիոն ընկալումները դեռևս բարձր են: Այնուամենայնիվ, թույլ տվեք հավաստիացնել, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ջանքերին այս ոլորտներում` երկխոսության և համագործակցության տարբեր գործիքների միջոցով:
-Այնուամենայնիվ, տարածաշրջանային հակամարտությունները շարունակում են մնալ Հարավային Կովկասի հիմնական խնդիրները: Վերջին շրջանում հաճախ ենք լսում հայտարարություններ, որ ԵՄ-ն ցանկանում է ընդլայնել իր ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Որն է այն հիմնական ձևաչափը, որի շրջանակներում ԵՄ-ն ցանկանում է արտահայտել իր ներգրավվածությունը:
-Մենք ընդգծել ենք այդ ձևաչափը մի քանի անգամ, իսկ վերջին անգամ Հարավային Կովկասին առնչվող ԵՄ Խորհրդի եզրակացություններում, որում ընդգծվել է մեր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բանակցությունների դանդաղ ընթացքի վերաբերյալ: Այն նաև վերահաստատում է ԵՄ-ի շարունակական օժանդակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին և Մադրիդյան սկզբունքներին: Աջակցում ենք նաև Հայաստանին և Ադրբեջանին այն սկզբունքների շուրջ համաձայնության հասնելուն, որոնք հիմք կծառայեն խաղաղության հասնելու գործում: ԵՄ-ն նաև արտահայտել է իր պատրաստակամությունը լայնորեն աջակցելու վստահության կառուցման միջոցներին, որը պետք է դիտարկվի որպես աջակցություն և լրացում Մինսկի խմբին, ինչն էլ պետք է դյուրացնի հետագայում խաղաղության հաստատմանը: Այս համատեքստում, ես անձամբ Հայաստանի նախագահի հետ քննարկել եմ ԵՄ-ի ներկայացուցիչների` դեպի Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ առանց սահմանափակումների մուտքի ձեռքբերման հնարավորության հարցը: Պետք է ընդգծեմ նաև, որ ԵՄ խորհուրդը կոչ է արել Բարձր ներկայացուցչին և Հանձնաժողովին, ԵԱՀԿ-ի սերտ ներգրավմամբ, քննարկելու հետկոնֆլիկտային սցենարները Լեռնային Ղարաբաղի համար և դրանում ԵՄ-ի հնարավոր ներգրավման հարցը:
-Խոսակցություններ կային նաև, որ ԵՄ-ն պատրաստվում է Ֆրանսիային փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբում: Դա հնարավոր համարում եք, և եթե, այո, ապա դա ինչպես կարող է ազդել բանակցային գործընթացի վրա:
-ԵՄ-ի օրակարգում ներկայում ձևաչափի փոփոխության հարց չկա, և մենք ցանկանում ենք գործող ձևաչափի շրջանակներում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ուղիները: Ինչպես արդեն իսկ ասել եմ, Խորհուրդը հաստատել է ԵՄ-ի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այնուամենայնիվ, ԵՄ-ն կարող է լայն աջակցություն ցուցաբերել վստահության միջոցների կառուցման հարցում:
Հարցազրույցը` Արմեն Ղազարյանի