Ֆուտբոլ

Էդգար Մալաքյանը «Վիկտորիա» տեղափոխությունը նոր մարտահրավեր է համարում

2 րոպեի ընթերցում

Էդգար Մալաքյանը «Վիկտորիա» տեղափոխությունը նոր մարտահրավեր է համարում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Փյունիկ»-ի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը մոտ է Պլզենի «Վիկտորիա» տեղափոխվելուն: 22-ամյա ֆուտբոլիստը ներկայում փորձաշրջան է անցնում և թիմի մարզչական շտաբը հակված է հայ ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկելուն: Այն կկնքվի ֆուտբոլիստի բուժզննում անցնելուց հետո:

Չեխական ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայ ֆուտբոլիստը նշել է, որ սա շատ լավ հնարավորություն է իր համար և միաժամանակ նոր մարտահրավեր: «Ես ցանկանում եմ ապացուցել, որ կարող եմ մեծ ֆուտբոլ խաղալ»- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է ֆուտբոլիստը:

Չեխական ակումբի ուշադրության կենտրոնում Մալաքյանը հայտնվել է նախորդ տարի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում տեղի ունեցած «Վիկտորիա» -«Փյունիկ» հանդիպումներից, որոնց ընթացքում Մալաքյանը դարձել էր Հայաստանի չեմպիոնի միակ գոլի հեղինակը, իսկ թիմերի ընդհանուր դիմակայությունն ավարտվել էր 1:7 հաշվով:

«Ես լավ եմ հիշում մեր թիմերի առաջին խաղը, ոչ միայն այն պատճառով, որ գոլ խփեցի: Մենք պարտվեցինք 1:5 հաշվով, և դա բավականին դաժան պարտություն էր: «Վիկտորիան» մեզ դեմ երկու խաղերում էլ մեծ առավելություն ուներ, իսկ հետո հաջող խաղաց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում»,- ասել է Մալաքյանը:

Սպասվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Փյունիկ»-ից արտասահմանյան ակումբներ կտեղափոխվեն նաև ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպաններ՝ Դավիթ Մանոյանը և Արտակ Եդիգարյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում