Մեծ Բրիտանիայի թագուհու ծննդյան օրվա առթիվ ՀՀ նախագահն այցելել է ՄԹ դեսպանատուն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից,Հանրապետության ղեկավարը տոնի և նաև Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու գահակալության 60-ամյակի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ջոնաթան Ջեյմս էյվզին և դեսպանատան աշխատակիցներին:
Շնորհավորական խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր գործունեությամբ Թագուհին վաստակել է ոչ միայն իր հպատակների, այլ նաև աշխարհի շատ ու շատ ժողովուրդների հարգանքն ու սերը:
Հանրապետության նախագահը դեսպան Ջոնաթան Ջեյմս էյվզի հետ քննարկել է հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: