ՀՀ Նախագահը կմասնակցի ԵվրԱզԷսի խորհրդի նիստին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԵվրԱզԷսի միջպետական խորհրդի նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կրեմլի մամուլի ծառայությունից, գագաթնաժողովին մասնակցելու են ԵվրԱզԷսի անդամ-պետությունների ղեկավարները` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Նիստին հրավիրված են նաև ԵվրԱզԷսում դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների ղեկավարները` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և Մոլդովիայի նախագահ Մարիան Լուպուն:
ԵվրԱզԷսի բարձրագույն տնտեսական խորհուրդը կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինն է: