Սերգեյ Մինասյանը կարծում է` Պուտինն ավելի կոշտ քաղաքականություն է վարելու Վրաստանի հանդեպ
2 րոպեի ընթերցում
![Սերգեյ Մինասյանը կարծում է` Պուտինն ավելի կոշտ քաղաքականություն է վարելու Վրաստանի հանդեպ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/03/683822.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-վրացական հարաբերություններում մինչեւ աշնանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններ լուրջ առաջընթաց սպասելի չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Պուտինը, թվում է, ավելի կոշտ քաղաքականություն է վարելու Վրաստանի հանդեպ: Եթե Վրաստանի ղեկավարը, գոնե ֆորմալ ձեւով, դառնա ոչ թե Սահակաշվիլին, այլ մեկ ուրիշը, ապա գուցե ինչ-որ ելքեր բացվեն»,- նշեց բանախոսը: Նրա խոսքով` ռուս-վրացական հարաբերությունների բարելավումը կարեւոր դեր կունենա հայ-վրացական հարաբերությունների առումով:
Հայերը Վրաստանում պատմականորեն ավելի կարեւոր դեր են խաղացել` թե զարգացման, թե ժողովրդագրական առումներով: Դա, Մինասյանի համոզմամբ, իր առավելություններն ունենալով հանդերձ, խնդիրներ է ստեղծում հենց ներսում: Թիֆլիսի հայ համայնքը չափազանց արագ սկսել է ձուլվել: Աշխարհում ամենամեծ համայնքը այս առումով նաեւ ամենախոցելին է:
Մինասյանի խոսքով` վերջին տարիներին Թուրքիան դառնում է լուրջ գործոն ոչ միայն տարածաշրջանում: «Վրացիները քաջ գիտակցում են, որ ջավախահայությունը հանդիսանում է կարեւոր դաշնակից, ով կարող է խոչընդոտել Թուրքիային` դեմոգրաֆիական եւ այլ առումներով Վրաստանին էքսպանսիայի ենթարկելու հարցում»,- նշեց քաղաքագետը: Նրա խոսքով` թուրքական գործոնն, ի տարբերություն հայկականի, արտաքին է: