Կարծիքներ

Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է` ԼՂ հարցում Պուտինը Մեդվեդեւի նման ջանք չի ներդնի

2 րոպեի ընթերցում

Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է` ԼՂ հարցում  Պուտինը Մեդվեդեւի նման  ջանք չի ներդնի

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրվելով երրորդ անգամ` Վլադիմիր Պուտինը կփոխի իր քաղաքականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով` Ռուսաստանում շատ դեպքերում նախագահ Մեդվեդեւի գործողությունները թելադրվում էին հենց վարչապետ Պուտինի կողմից: «Դեկտեմբերին եւ հունվարին ընդդեմ Պուտինի հարյուրհազարանոց ցույցեր էին տեղի ունենում, մինչդեռ ընտրություններից հետո դրանք շատ ավելի փոքր են: Սա ցույց է տալիս, որ թե տեղական, թե միջազգային հանրությունն ընդունեց ընտրությունների արդյունքները»,- նշեց բանախոսը:

ՌԴ նոր նախագահը, Կիրակոսյանի համոզմամբ, կբերի նոր մտքեր, նոր զարգացումներ Ռուսաստան-Եվրասիական միություն քաղաքականության առումով: Հաջորդ էական փոփոխությունը կլինի Լեռնային Ղարաբաղի հարցում: Քաղաքագետի խոսքով` Մեդվեդեւի օրոք Ռուսաստանը շատ ակտիվ էր Մինսկի խմբի շրջանակներում Ալիեւ-Սարգսյան հանդիպմումների կազմակերպման առումով. նրա քաղաքականությունը ժամեր ծախսելն էր: Նա հավասարապես կարող էր սեղմել երկու նախագահների ձեռքերը: «Պուտինն այդքան ժամանակ չի հատկացնի հանդիպումներին, չի ցանկանա ձեռքեր սեղմել: Նրա ոճը կլինի «ձեռքեր ջարդելը» եւ ճնշելը»,- նկատեց բանախոսը: Նրա խոսքով` Հայաստանի վրա, սակայն, այս ճնշումը չի գործի:

Կիրակոսյանի կարծիքով` կա նաեւ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավման միտում: «Ռուսաստանը ցանկացավ վերականգնել հարաբերությունները նաեւ Վրաստանի հետ: Այս փորձը մերժվեց: Սա, սակայն, նոր սկիզբ խորհրդանշեց: Պուտինի դեմ հանդես եկավ ուժեղ ընդդիմություն եւ թույլ արձագանք Արեւմուտքից»,- ասաց քաղաքագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում