Քաղաքականություն

Բելգիայի հայ համայնքը պատրաստվում է ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը

3 րոպեի ընթերցում

Բելգիայի հայ համայնքը պատրաստվում է ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի հայ համայնքը միշտ հետաքրքրված է մայր հայրենքիում տեղի ունեցող իրադարձություններով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչ Շահե Ասլանյանը, բելգիահայերը միշտ էլ մեծ նշանակություն են տալիս հայաստանյան անցուդարձին:

«Իհարկե, տարբեր աղբյուրներից լսում ենք հայաստանյան իրադարձությունների մասին, սակայն Հայաստանի Նախագահից տեղեկություններ ստանալը շատ ոգևորիչ է, քանի որ նա թերևս ամենավստահելի աղբյուրն է»,- նշեց Ասլանյանը:

Մեզ համար մեր նախագահին տեսնելը մեծ հպարտություն է, մեզ ուժ է տալիս:

Մարտի 5-ի երեկոյան հայ համայնքը տարաբնույթ հարցեր է պատրաստվում ուղղել Նախագահին:

Բելգիայի հայ համայնքին մտահոգում է համաշխարհային բարդ տնտեսական իրավիճակին ազդեցությունը հայաստանյան տնտեսության վրա:

«Հիմա, երբ Եվրոպայի և Ամերիկայի տնտեսություններն այս դժվարությունների մեջ են, մենք ցանկանում ենք իմանալ թե ինչ կերպ է Հայաստանը պատրաստվում նվազեցնել այս իրադարձությունների ազդեցությունն իր տնտեսության վրա»,- ասաց Ասլանյանը:

Բելգիահայ համայնքի մի շարք մտոհոգություններ էլ կապված են Իրանի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունների հետ: «Կցանկանայինք Հայաստանի նախագահից նաև տեղեկանալ, թե ինչ կերպ այս իրադարձությունները կարող են ազդել Հայաստանի վրա»,- նշեց Ասլանյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու նաև եվրոպական բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ: Մարտի 6-ին նախատեսված է ՀՀ Նախագահի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Դուրան Բարոզուի հետ: Հանդիպման ավարտին Հանրապետության ղեկավարը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Նույն օրը Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույի հետ:

Այցի շրջանակներում Նախագահը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստին, ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում:

Նախատեսված են նաև ՀՀ Նախագահի հանդիպումները Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում