Հովհաննես Սահակյանը վստահ է` ՀՀԿ-ն կանի հնարավորը, որ առաջիկա ընտրությունները տարբերվեն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ապագա խորհրդարանը մեկ քայլ առաջ կլինի նախորդից, իսկ նախընտրական գործընթացները` ավելի բարձր մակարդակի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, որ առաջադրված կլինեն գաղափարական ուժեր, որոնք իրենց գաղափարները կկարողանան առաջ տանել: «Քաղաքական կյանքի բեմահարթակի բոլոր դերակատարները պետք է իրականացնեն իրենց գործառույթները: Շատ կարեւոր է, որ ձեւավորվի ընտրական մշակույթ` ընտրական գործընթացներին ճիշտ գնահատական տալու համար»,-ասաց Սահակյանը: Նրա խոսքով` նրանք, ովքեր հայտարարում են կեղծված ընտրությունների մասին, վկայում է նրանց պարտվողական հոգեբանության մասին: «Չեմ բացառում, որ եթե ապագայում որեւէ քաղաքական ուժ չունենա հաջողություն, ջանք չի խնայի սեւացնելու ամեն բան: ՀՀԿ-ն կանի հնարավորը, որ այս ընտրությունները տարբերվեն»,-ասաց Սահակյանը: Նրա խոսքով` ՀՀԿ-ն ունի քաղաքական կամք` անցկացնելու դրական ընտրություններ: