Ռուբեն Մելքոնյանը կարծում է` Թուրքիան դարձել է իր քաղաքականության պատանդ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումից հետո Թուրքիան ուրախությամբ ներկայացնում է, որ հաղթանակել է, սակայն իրականում դարձել է իր քաղաքականության պատանդը. Հայոց ցեղասպանության ճանաչումն անկասելի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 29-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով` Ֆրանսիան արդեն քաղաքական գնահատական տվել է Հայոց ցեղասպանության փաստին` այն ճանաչելով որպես անհերքելի իրողություն, այլ հարց է իրավական հարթությունը:
«Այս որոշումն ուղղակիորեն նպաստելու է Թուրքիայում ազգայնամոլության ծավալմանը: Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամները չեն ժխտում Հայոց ցեղասպանության փաստի իրողությունը, սակայն դեմ են արտահայտվում նրան օրենսդրական կարգավիճակ տալուն»,-ասաց նա:
Մելքոնյանը նշեց, որ եթե գործում է անկեղծ իրավական մոտեցում, ապա Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը նմանատիպ մի որոշում էլ պետք է ունենա Հոլոքոստի վերաբերյալ:
Թուրքագետի խոսքով` եթե օրինագիծը նորից մտցվի շրջանառության մեջ, Թուրքիան կներդնի իր մնացած լծակները: Նրա խոսքով` Սարկոզին օրինագիծն օգտագործելու է նախընտրական շրջանում` փաստելու համար, որ տեր է իր խոստմանը:
«Թուրքիայի քայլերը նպաստում են Հայոց ցեղասպանության էլ ավելի շատ քննարկմանը: Սրանով մեծանում է այն երկրիների շրջանակը, որոնք տեղեկանում են այդ ոճրագործության մասին»,-ասաց նա: