Մարգար Օհանյանի դատավարությունը մոտենում է հանգուցալուծմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եւ մյուսների դատաքննությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դատարանում մեղադրողը հրապարակեց գործում առկա գրավոր ապացույցները:
Պաշտպան Մկրտիչ Վասակյանի խոսքով` չկա ակտ, գրություն, որ ապացուցի` Մարգար Օհանյանը ոստիկանությանը քիչ բենզին է տրամադրել: Դրա մասին ընդամենը 3 ցուցմունք կա։ Առավել շատ են եղել Օհանյանի օգտին տրված ակտերը, կազմման-ընդունման հաշվետվությունները` բոլորն էլ` օրինական: Օհանյանի խոսքով` ինքը բենզին չի ստացել:
Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը ներկայացրեց դեռեւս չհրապարակված նախաքննական ցուցմունքները եւ առերես հարցաքննությունները: Ոչ մի դեպքում Մարգար Օհանյանը իրեն մեղավոր չի ճանաչել: Հարությունյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց նիստը հետաձգելու համար: Հաջորդ նիստը մարտի 1-ին է, երբ դատարանը կանցնի դատական վիճաբանությունների փուլին:
ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը, ՀՀ ՃՈ մի շարք աշխատակիցներ մեղադրվում են պաշտոնի չարաշահման, յուրացում կատարելու եւ պետությանը վնաս հասցնելու մեջ: