Մշակույթ

Մեծ մտավորականի անվան արվեստանոց է բացվել Մանկավարժականում

2 րոպեի ընթերցում

Մեծ մտավորականի անվան արվեստանոց է բացվել Մանկավարժականում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի արվեստագետ եւ մտավորական Սերգեյ Իսրայելյանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում փետրվարի 16-ին բացվել է Սերգեյ Իսրայելյանի անվան արվեստանոց: «Արմենպրես»-ին Մանկավարժական համալսարանի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ բացմանը ներկա էին համալսարանի դասախոսական անձնակազմը, ուսանողները, վարպետի հարազատներն ու գործընկերները:

«Արվեստանոցը նախեւառաջ անհրաժեշտ էր համալսարանի ուսանողներին, որպեսզի ճանաչեն կինեմատոգրաֆի վարպետներին»,- ասել է համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

Կինոգետ Սուրեն Հասմիկյանը, անդրադառնալով Իսրայելյանի մասնագիտական հատկանիշներին, նկատել է, որ նա այն մարդկանցից է, ով ստեղծել է հայ ազգի խորհրդանիշը, որում ամեն ինչ ասված է:

Միջոցառմանը ներկա էր Մոսկվայի կինոմատոգրաֆիստների ինստիտուտի շրջանավարտ Էդուարդ Համբարձումյանը: «Բախտ եմ ունեցել լինել ոչ թե իր անվան արվեստանոցի ուսանողը, այլ իր վերջին ուսանողը: Առաջին իսկ օրվանից նրա հետ ունեցել ենք շատ հետաքրիր եւ անմոռանալի օրեր ու հիշողություններ»,-ասել է Համբարձումյանը:

Սերգեյ Իսրայելյանը աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում, ավարտել է կինոմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը: 1988 թվականից դասավանդել է Մանկավարժական համալսարանում: Արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը, եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ:

Իսրայելյանի աշխատանքներից հատկապես հիշարժան եւ բոլորի կողմից սիրված են «Կտոր մը երկինքը», «Եռանկյունին», «Նահապետը», «Խաթաբալան», իսկ որպես ռեժիսոր` «Գիքորը», «Ճերմակ անուրջները», «Պատանդները»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում