Սպորտի նախարարը կարծում է` Ձմեռ պապ գոյություն ունի նրանց համար, ովքեր հավատում են դրան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածված կարծիք կա, որ մարզիկների, սպորտին առնչվող մարդկանց համար գոյություն չունի տոն հասկացողություն, հանգիստ եւ այլն: Անկախ ամեն ինչից` նրանք շարունակում են մարզվել: «Արմենպրես»-ը հետաքրքրվեց, թե ինչպես է Ամանորն անցկացնում եւ ինչ սպասելիքներ ունի տոնից Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը:

-Պարո'նՊետրոսյան, Ամանորն ունի յուրահատուկ խորհուրդ: Մարդիկ սկսում են երազանքներ պահել, հավատալ հրաշքներին: Իսկ Դուք հավատում եք, արդյոք, ամանորյա հրաշքին:

Իրականում, ես չեմ սպասում հրաշքների, այլ ունեմ ցանկություններ, որոնց իրականություն դառնալու համար հրաշք է պետք: Պարզ հրաշքի երեւի միայն շատ մանուկ ժամանակ են սպասում, երբ երեխան արթնանում է եւ ցանկանում, որ ամբողջ աշխարհը փոխված լինի, դառնա ավելի տոնական: Հետո երազանքներն ավելի կոնկրետանում են եւ դառնում զուտ ցանկություններ: Հրաշքը մեզ համար անբացատրելի, դրական, աննախադեպ երեւույթ է, որոնց շարքին կարելի է դասել երեխայի ծնունդը: Նոր տարին ամենամասսայական տոնն է, որի ժամանակ անհնար է, որ մարդ կարողանա միայնակ ուրախանա: Բայց այն դեպքում, երբ դուրս գաս փողոց ու տեսնես, որ բոլորի համար իրական տոն է, դա կլինի ամենամեծ հրաշքը:

-Կա, արդյոք, մի երազանք, ցանկություն, որը պահում եք յուրաքանչյուր Ամանորին, սակայն այն դեռեւս չի իրականացել:

Տարիների ընթացքում մարդն է փոխվում, ցանկություններն են փոխվում: Դրանց մի մասն իրականանում է, մյուս մասի անիրականանալի լինելուն համակերպվում ես: Պետք է հիշել միայն մի բան, որ ցանկացած ծնող ինչ ցանկություններ էլ, որ ունենա, առաջին հերթին այն կապում է երեխաների հետ: Նոր տարվա իմ երազանքն է` ուրախանալ բոլորի հետ:

-Նվերներ ստանալ սիրում են բոլորը: Լինում են նաեւ նվերներ, որոնք հիշվում են ամբողջ կյանքի ընթացքում: Ո՞րը Դուք կմտաբերեք:

Հիշում եմ, որ երբ բալիկներս նոր էին գրել, նկարել սովորել` տատիկի օգնությամբ, բացիկի վրա նկարել էին, բանաստեղծություններ էին գրել ու նվիրել ինձ: Դա ամենահիշվողն է եւ ամենատպավորիչը: Դրանից մոտ տասնյոթ տարի է անցել, բայց այդ բացիկները կան, եւ պահում եմ: Մանուկ ժամանակ եւս անսպասելի նվերներ եմ ստացել:

- Թեեւ տոնակատարությունները միշտ բերում են խինդ եւ ուրախություն, այնուամենայնիվ, հաճախ այդ օրերն ուղեկցվում են մի շարք հաճելի «հոգսերով», որոնց շարքին են դասվում ամանորյա գնումնեը: Դա Ձեզ համար հո՞գս է , թե՞ հաճույք:

Քանի դեռ երեխաներս փոքր էին, ես դա հաճույքով անում էի, իսկ այժմ ավելի մեծ հաճույք եմ ստանում, երբ որ նրանք են դա անում ինձ համար` նույն ոճով: Ես երկար ժամանակ փորձում էի երեխաներիս համոզել, որ Ձմեռ պապի գոյություն ունի, իսկ շրջապատը երեխաներին հակառակն էր համոզում: Եվ ես միշտ ասում էի, որ ով հավատում է Ձմեռ պապիկի գոյությանը, նրա համար կա, ով չի հավատում` չկա: Եթե չես հավատում` նվերի էլ չպետք է սպասես:

-Որտե՞ղ եք նախատեսում անցկացնել Նոր տարին, ի՞նչ միջավայրում:

Արդեն երրորդ տարին է` Ծաղկաձորում եմ անցկացնում, որտեղ ընդհանուր ծանոթները շատ են, եւ միշտ շատ լավ է անցնում: Իհարկե, Նոր տարին ընտանեկան տոն է, եւ մենք էլ սկզբում նախընտրում էինք տանը անցկացնել: Հիմա մի փոքր իրավիճակը փոխվել է: Տան անդամները քվեարկում են, մեծամասնություն են կազմում, ու գնում ենք փոխզիջման, եւ տոնն անցկացնում Ծաղկաձորում: Չափազանց կարեւոր է միայն բարձր տրամադրությունը:

- Իսկ ի՞նչ կմաղթեք այս տարի հայ ժողովրդին:

Բացի ավանդական` հաջողություն, առողջություն երջանկությունից, կմաղթեմ, որ մարդիկ ուրիշի հաջողությունը իրենց անհաջողություն չդիտեին: Մարզիկներին կմաղթեմ հաջողություն, կամք, նպատակասլացություն: Իհարկե մարզիկները միշտ էլ երիտասարդ են, սակայն սպորտով չզբաղվող երիտասարդներին կմաղթեմ, որ ինչ էլ, որ իրենք անեն եւ ընտրեն, ամեն ինչ անեն, որ դառնան մրցունակ, անընդհատ սովորեն, կատարելագործվեն: Չպետք է մոռանալ` ամենակարեւորը մարդու տրամադրությունն է եւ ժպիտը, որը մարդու հոգու պատուհանի լույսն է: Եթե մարդը փողոցում անկեղծ ժպտում է, դա ընկերության եւ բարեկամության առաջարկություն է:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

Հայերեն English

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում