Հարցազրույց

Սեյրան Օհանյանի համար ամենաթանկ նվերը «բնույթով ոչ նյութական է, նշանակությամբ` կենսական»

2 րոպեի ընթերցում

Սեյրան Օհանյանի համար ամենաթանկ նվերը  «բնույթով ոչ նյութական է, նշանակությամբ` կենսական»

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախարարների հետ «Արմենպրես»-ի արած ամանորյա հարցազրույցների շարքը փաստեց, որ նրանք բոլորն էլ ինչ-որ չափով մասնակցում են ամանորյա գնումներին, երազանքներ պահում, նույնիսկ հավատում հրաշքին: Բացառություն չէ նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

-Պարոն Օհանյան, Ամանորն ունի յուրահատուկ խորհուրդ: Մարդիկ սկսում են երազանքներ պահել, հավատալ հրաշքներին: Դուք հավատու՞մ եք ամանորյա հրաշքին:

-Մանուկ հասակում հավատում էի ամանորյա հրաշքին: Իսկ ընդհանրապես, հրաշքի հավատում եմ: Հրաշքով է, որ ես այսօր եւս հնարավորություն ունեմ հայրենիքին ծառայել:

-Կա՞ արդյոք մի երազանք, ցանկություն, որը պահում եք յուրաքանչյուր Ամանորին, սակայն դեռ չի իրականացել:

-Վերջին 20 տարիների իմ ամենամեծ երազանքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի անկախության միջազգային ճանաչումն է, այդ թվում` Ադրբեջանի կողմից:

-Նվերներ ստանալ սիրում են բոլորը: Լինում են նաեւ նվերներ, որոնք հիշվում ես ամբողջ կյանքի ընթացքում: Ո՞րը Դուք կմտաբերեք:

-Ինձ համար ամենաթանկ նվերը բնույթով ոչ նյութական է, սակայն նշանակությամբ` կենսական. դա հայ զինվորի խիզախ ծառայությունն է:

-Թեեւ տոնակատարությունները միշտ բերում են խինդ եւ ուրախություն, այնուամենայնիվ, հաճախ այդ օրերն ուղեկցվում են մի շարք «հաճելի հոգսերով», որոնց շարքին են դասվում նաեւ ամանորյա գնումները: Դա Ձեզ համար հո՞գս է, թե՞ հաճույք:

-Ամանորի տոնակատարության կազմակերպչական մասը հիմնականում կինս է հոգում: Ես փորձում եմ թեթեւացնել տիկնոջս հոգսը, ինչը ինձ համար հաճելի պարտավորություն է:

-Իսկ ի՞նչ կմաղթեք այս տարի հայ ժողովրդին:

-Խաղաղություն եւ բարեկեցիկ կյանք, իսկ երիտասարդ ընտանիքներին` շատ երեխաներ: Թող 2012 թվականը առատ լինի հաճելի փորձություններով, որը մեզ կօգնի չկորցնել զգոնությունը եւ զարգանալու ներքին մղումը:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում