Ռոման Ամոյանը տարվա լավագույն մարզիկն է
2 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը (346 միավոր) Հայաստանի 2011թ. լավագույն մարզիկն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայում, հարցման արդյունքներով որոշվել են մրցաշրջան 2011-ի 10 լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել են ԶԼՄ-ների 42 ներկայացուցիչներ: Երկրորդ տեղում է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (300 միավոր), երրորդը' շախմատի աշխարհի թիմային չեմպիոն Լեւոն Արոնյանն է (296 միավոր): Չորրորդից տասներորդ տեղում են, համապատասխանաբար, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը, Ունիվերսիադայի չեմպիոն Աղասի Աղասյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, բռնցքամարտիկ Վլադիմիր Սարուխանյանը, ազատ ոճի ըմբիշ Մուսա Մուրթազալիևը:
Լավագույն թիմ է ճանաչվել աշխարհի չեմպիոն, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը: Նրան հաջորդում են ֆուտբոլի և հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականները:
Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 14 մարզիկների անուններ' սամբիստներ Վաչիկ Վարդանյան, Հակոբ Առաքելյան, ծանրորդներ Արայիկ Միրզոյան, Հռիփսիմե Խուրշուդյան, ֆուտբոլիստներ Ռոման Բերեզովսկի, Կառլեն Մկրտչյան, շախմատիստներ Էլինա Դանիելյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան, նավամոդելավար Հրաչյա Շահազիզյան, բռնցքամարտիկ Արմինե Սինաբյան, հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեև, հրաձիգ Նորայր Բախտամյան:
Հարակից նորություն
Ռոման Ամոյանը հույս ունի` Հայաստանի ըմբիշներն օլիմպիական ուղեգրեր դեռ կնվաճեն