ՀՀ Նախագահը ներկա կլինի ԵԺԿ 20-րդ համագումարին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 7-8-ը Մարսելում ներկա կլինի Եվրոպական ժողովրդական կուսակցության 20-րդ համագումարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d’Armenie պարբերականը, դեկտեմբերի 7-ի երեկոյան ՀՀ Նախագահի պատվին ընդունելություն կկազմակերպվի Մարսելի քաղաքապետարանում` քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի նախաձեռնությամբ, որին հրավիրված են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Ընդունելությանը ներկա կլինի նաեւ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը:
Սերժ Սարգսյանին ուղեկցող պատվիրակություն կազմում կլինեն ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ մի շարք այլ նախարարներ ու պատգամավորներ: Ակնկալվում է, որ Մարսելի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելության ընթացքում ՀՀ Նախագահը եւ Մարսելի քաղաքապետը ելույթներ կունենան:
Եվրոպական ժողովրդակական կուսակցությունը Եվրոպական խորհրդարանում ամենամեծ ներկայացվածությունն ունեցող համաեվրոպական կուսակցությունն է: Այն միավորում է Եվրոպայի աջ- կենտրոնամետ և պահպանողական ամենամեծ կուսակցությունները: ԵԺԿ-ն ներկայացնող կուսակցությունների անդամներից են Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Իսպանիայի վարչապետը եւ «Հին մայրցամաքի» շատ այլ ազդեցիկ քաղաքական գործիչներ: