Քաղաքականություն

ՀՀ Նախագահի մեկ օրը` երկու մարզում

10 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահի մեկ օրը` երկու մարզում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը` երկրի ղեկավարիառաջին կանգառը Գավառն էր, որտեղ Նախագահն այցելեց «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի` Գավառի մասնաճյուղ` Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոն: Հանրապետության ղեկավարը շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացավ ստեղծված պայմաններին, կենտրոնի հնարավորություններին եւ մատուցվող ծառայություններին:

Մարզերում բնակվող հատուկ կարիքներով երեխաների զարգացման գնահատումը, նրանց վերականգնողական բուժումն առավել հասանելի դարձնելու նպատակով «Արաբկիր» համալիրը ՀՀ ԱՆ աջակցությամբ նախաձեռնել է մարզերում երեխայի զարգացման վերականգնողական կենտրոնների հիմնադրում: Գավառի կենտրոնը բժշկական վերականգնողական ծառայություններ եւ մասնագիտական խնամք է տրամադրում Գեղարքունիքի մարզում բնակվող ֆիզիկական, մտավոր, լսողական, խոսքի եւ այլ խնդիրներով երեխաներին:

Կենտրոնի բոլոր աշխատակիցները մարզի բնակիչներ են, որոնք վերապատրաստվել, շարունակում են զարգացնել իրենց գիտելիքները «Արաբկիր» բժշկական հաստատությունում: Երեխաների վերականգնողական բուժումն ապահովելու համար կենտրոնը համալրված է անհրաժեշտ հատուկ կահույքով, սարքավորումներով եւ գույքով: Այն հնարավորություն կտա տարեկան սպասարկելու մինչեւ 200 երեխա` իրականացնելով ավելի քան 15 հազար այցելություն:

ՀՀ նախագահը ներկա գտնվեց նաեւ Գավառի բժշկական կենտրոնի բացմանը: Հիմնանորոգվել է բժշկական կենտրոնի եռահարկ մասնաշենքը, կառուցվել է եռահարկ կցակառույց: Հիվանդանոցը հագեցվել է արդի բժշկական սարքավորումներով` նախատեսված ընդունարանի, ինտենսիվ բուժման, ախտորոշիչ բաժանմունքների եւ վիրասրահների համար: Մատակարարվել է նոր բժշկական եւ կենցաղային կահույք` հիվանդասենյակների, բժշիկների սենյակների, հետազոտման եւ միջամտության սենյակների կահավորման նպատակով:

Այցի ընթացքում ՀՀ Նախագահը պատասխանեց լրագրողների` Գավառի բժշկական կենտրոնի, ներաքաղաքական խնդիրների եւ հայ-ադրբեջանական սահմանում միջադեպերի վերաբերյալ հարցերին:

«Տպավորությունը շատ լավն է, ինքներդ տեսաք, եւ արդեն ասվեց, որ սա 7-րդ բժշկական կնետրոնն է, որ բացվում է վերջին 2 տարիների ընթացքում: Եվ հաջորդ տարի շահագործման կհանձնենք Գյումրու ամենամեծ կենտրոնն ու կսկսենք եւս վեց կենտրոնների շինարարություն: Բոլորն էլ հասկանում են այսպիսի կենտրոնների առկայության կարեւորությունը: Բնականաբար, խնդիրը ոչ միայն ժամանակի,այլ նաեւ հասանելիության հարց է, նաեւ հարմարավետության հարց»,-ասաց Նախագահը:

Բնականաբար, գավառցին կցանկանա, եթե պարտադրված է բուժվել, հիվանդանոցում պառկել, նրա համար շատ ավելի ցանկալի է այսպիսի միջավայրում լինել, քան գնալ մայրաքաղաք, մանավանդ, որ բժիշկները եւս պարտադրված են իրենց մասնագիտական որակավորումը բարձրացնելու, որովհետեւ առանց մասնագիտական ունակությունների անհնար է ժամանակակից սարքավորումներով աշխատել: «Սա «Տարածքների համաչափ զարգացման» ծրագրի մի մասն է, կարեւոր բաղկացուցիչը, սակայն միայն առողջապահության բնագավառում չենք սահմանափակվում: Կարծում եմ, որ բոլորս պետք է ուրախ լինենք` մի կողմից, մյուս կողմից` ակնկալիքները պետք է ավելի շատ լինեն: Մենք բոլոր ծառայությունները պետք է մատուցենք, դարձնենք ավելի հասանելի: Մեր բժշկներըն ասում են, որ այստեղ կան սարքավորումներ, որ Երեւանի շատ հիվանդանոցներում չկան: Սա արդեն ուրախալի է»,-ընդգծեց երկրի ղեկավարը:

Սահմանին անհանգիստ իրավիճակի առնչությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը նշեց. «Քանի դեռ խնդիրը չի լուծվել, միշտ սահմանին անհանգիստ է լինելու: Բայց մեր ցանկությունն է, որ այդ անհանգիստ վիճակը պատճառ չդառնա մարդկային զոհերի: Մի քանի օրվա ընթացքում երկու զինվորի կորուստ ունեցանք, եւ այդ կորուստի մեղքն ամբողջովին ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա, ու նաեւ նրանց բանակի հետագա կորուստների պատասխանատուներն էլ են իրենք, որովհետեւ մեզ համար մեր զինվորի կյանքը չափազանց թանկ արժե: Եթե նրանց համար իրենց զինվորի կյանքը ոչինչ չարժե, ապա մեզ համար, իրոք, շատ թանկ է: Այս բանը բոլորը պետք է հիշեն: Կարծում եմ, որ գնալով այս անհանգիստ վիճակը կմեղմվի»: Իսկ համոզմունքի համար հիմք է Հայաստանի ղեկավարության ցանկությունը: «Որովհետեւ տրամաբանությունը դա է հուշում, որովհետեւ մարդկային բանականությունը դա է պահանջում: Ամեն ինչ լավ է լինելու: Մի կասկածեք: Գիտեք, որպեսզի որեւէ խնդիր լուծվի մենք պետք է ցանկություն ու համոզմունք ունենանք: Եթե չունեցանք համոզմունքը, եթե նպատակ չունեցանք, խնդիր լուծել չենք կարողանա»,-ասաց ՀՀ Նախագահը:

Օրերս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է արել. հրապարակավ դիմելով Նախագահին` ազատ, արդար ընտրությունների առաջարկ է արել: «Ասեմ, որ, ցավոք սրտի, այդ հայտարարությունն արված է ոչ թե սրտի ցավով, եւ ոչ թե նպատակ ունենալով բարելավելու մեր քաղաքական գործընթացները, կոնկրետ ընտրական պրոցեսները, այլ ուղղակի նպատակ ուներ վարկաբեկելու սկսված գործընթացը»,-արձագանքեց Սերժ Սարգսյանը:

«Մենք թափ ենք հավաքում, եւ մեր նպատակն է անցկացնել շատ լավ ընտրություններ: Այստեղ ուզում եմ շեշտել, որ վերջին երկու ընտրությունները` ե’ւ նախագահական, ե’ւ խորհրդարանական միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող ընտրություններ: Եվ մեր նպտատակն է, որպեսզի այդ «հիմնականում» բառը հանվի, այսինքն` դառնա միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ, եւ հենց այդ պատճառով էլ մենք բազմաթիվ փոփոխություններ մտցրեցինք ընտրական օրենսգրքի մեջ, որոնք արժանացան մեր եվրոպական, մեր մյուս գործընկերների հավանությանը: Այսինքն` մենք ոչ միայն նպատակ ունենք, այլ նաեւ կոնկրետ գործողություններ ենք կատարում: Կարծում եմ` այդ հայտարարության նպատակն ուղղակի սեւացնելն ու այդ գործընթացին վնասելն է, բայց ես կարծում եմ, որ մեզ ոչինչ չի խանգարելու: Մենք հաստատուն քայլերով առաջ ենք շարժվելու, եւ ոչ միայն ընտրություններն ենք անցկացնելու լավագույն ձեւով, այլ բոլոր քաղաքական պրոցեսները` հանդարտ, հանգիստ, առանց աղմուկի, առանց ուշադրություն դարձնելու չարությամբ լցված մարդկանց, չասեմ գնահատակնին, որովհետեւ իրենք իրավունք չունեն գնահատական տալու, իրենց կարծիքին: Չնայած, հաշվի չառնելով նրանց թույնը, հաշվի չառնելով նրանց վատ նպատակը` մենք փորձելու ենք ամեն ինչ բարելավել, եւ, կարծում եմ, որ բոլորը հնարավորություն կունենան, այսօր էլ ունեն դրանում համոզվելու»,-վստահություն հայտնեց երկրի ղեկավարը:

ՀՀ Նախագահն այցելեց նաեւ Տավուշի մարզ: Սերժ Սարգսյանը շրջեց ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի շինհրապարակի տարածքում, որը շահագործման կհանձնվի 2013 թ. հունվարին, ծանոթացավ իրականացվող աշխատանքերին:

Կենտրոնում կստեղծվի ժամանակակից տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումներով հագեցած ինստիտուտ, որտեղ կիրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխանող` տնտեսագիտության եւ ֆինանսների բնագավառներին առնչվող տարածաշրջանային եւ միջազգային համաժողովներ: Կենտրոնական աշխատակիցներին այնտեղ վերապատրաստվելու հնարավորություն կընձեռվի: Կենտրոնում կլինեն անհրաժշետ պայմաններ տնտեսագիտության եւ ֆինանսների բնագավառում բազմակողմանի ուսումնահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար: Միջոցներ կձեռնարկվեն ժամանակակից շտեմարանների կառուցման ուղղությամբ, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի եւ միջազգային հետազոտողների համար` Հայաստանի տնտեսության վերաբերյալ կիրառական աշխատանքների իրականացման գործում: Այնտեղ կգործի նաեւ տարածքային դրամարկղային կենտրոն, որի միջոցով կսպասարկվեն տարածաշրջանի ֆինանսական կազմակերպությունները:

«Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնում աշխատող ՀՀ ԿԲ աշխատակիցների համար կառուցվում է բազմաբնակարան շենք` 64 ծառայողական բնակարանով, որի առաջին հարկում կգործի մանկապարտեզ, կլինեն առեւտրային տարածքներ, որոնցից կկարողանան օգտվել նաեւ Դիլիջանի բնակիչները:

Բնակելի շենքի կայունությունը պահպանելու նպատակով շենքի հիմնատակի տեղամասի տակով վերակառուցվում է 18-20 մետր խորությամբ անցնող հակասողանքային ցամաքուրդային թունելի 348 մետր երկարությամբ հատվածը:

Հարակից նյութեր

Մեզ համար մեր զինվորի կյանքը չափազանց թանկ արժե. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցն ամբողջությամբ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում