Սիրուշոն անակնկալ էր պատրաստել հայրիկի եւ հանդիսատեսի համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քչերը գիտեն, որ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Հրաչյա Հարությունյանն իր դերասանական գործունեությունը սկսել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան պետական կրկեսից: Նոյեմբերի 24-ին ՀՀ վաստակավոր արտիստի 50 -ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ժամանակ նրա դստեր' երգչուհի Սիրուշոյի պատրաստած անակնկալը հաստատեց վերոնշյալը: Սիրուշոն հոբելյարին մատուցեց մի մեծ տուփ, որում կրկեսային գնդակներ էին եւ գլխարկներ:
Հրաչյա Հարությունյանը դստեր անակնկալը չմերժեց, եւ չնայած նրան, որ տասնյակ տարիներ առաջ էր աշխատել կրկեսում, վարպետորոն հանդիսատեսին ցուցադրեց աճպարարական փոքրիկ հնարքներ' մեծ խանդավառություն առաջացնելով դահլիճում:
«Փոքր հասակից տեսել եմ այն աշխատանքը, որ կատարել է հայրս, նրա մոտեցումը եւ այնքան բան կա ասելու, որ դժվարանում եմ հասկանալ թե ինչից սկսել, ինչով ավարտել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիրուշոն'ավելացնելով, որ իր մատուցած անակնկալը հնարավորություն ընձեռեց հանդիսատեսին նաեւ այլ կողմից ճանաչելու Հրաչյա Հարությունյան արտիստին: