«Գոյություն չունի դաշնային քաղաքականություն, որն արգելում է ԱՄՆ նահանգներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը». Հարութ Սասունյան
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների' իրավախախտ ապահովագրական ընկերությունների դեմ ներկայացված հայցի' նոյեմբերի 7-ին նշանակված լսումը կայանալու է Սան Ֆրանցիսկոյում այս տարի' դեկտեմբերի կեսին: «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ այս գործի արդեն երրորդ անգամ լսումը անհրաժեշտ չէ, քանի որ Կալիֆորնիայի օրենքը չի խախտում դաշնային կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
«Իրականում, գոյություն չունի որեւէ դաշնային քաղաքականություն, որն արգելում է նահանգներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դաշնային որեւէ պաշտոնատարի կողմից որեւէ բողոք չի ներկայացվել, երբ ավելի քան 40 ԱՄՆ նահանգներ ընդունել են Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր»,- ասում է Սասունյանը' հավելելով, որ Կալիֆորնիայի օրենքը համահունչ է դաշնային կառավարության' այս հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշմանը: Նա նշեց, որ պետք չէ մոռանալ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է երկու բանաձեւ' 1975 եւ 1984 թվականներին, որոնցով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, իսկ նախագահ Ռեյգանն այս հարցի առնչությամբ արձակել է նախագահական հռչակագիր: Ավելին, ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1951 թվականին Համաշխարհային դատարանին ներկայացված փաստաթղթում' նշելով հայերի զանգվածային կոտորածը որպես «ցեղասպանության հանցագործության ուշագրավ օրինակներից մեկը»:
Թեեւ այս վերջին բողոքարկումը բացարձակապես զերծ է իրավական հիմքերից, դատարանի բացասական որոշումը ոչ միայն կվնասի կյանքի ապահովագրության գումարներ պահանջող անձանց շահերին, այլ նաեւ, ինչն առավել կարեւոր է, հայ ժողովրդի հավաքական շահերին, եթե դաշնային վերաքննիչ դատարանը գտնի, որ Կալիֆորնիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հակասում է դաշնային կառավարության կողմից վարվող արտաքին քաղաքականությանը: Նման որոշումը ջուրը կգցի մի քանի տասնամյակ ամերիկահայերի քաղաքական ակտիվությունը' շրջելով ավելի քան 40 նահանգների կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր բանաձեւերը:
Սասունյանի համոզմամբ' Դաշնային վերաքննիչ դատարանը պետք է վճիռ կայացնի հօգուտ հայ հայցվորների: Դատարանը կարող է նաեւ թիկունք կանգնել Կալիֆորնիայի օրենքին' տարանջատելով գործի ապահովագրական կողմը, որը նահանգների բացառիկ իրավունքն է, ցեղասպանության կապակցությամբ «Նահանգն ընդդեմ դաշնային իշխանության» գործին առնչություն չունեցող հարցից: «Եթե դատավորները որոշում կայացնեն Կալիֆորնիայի օրենքի դեմ, այնուամենայնիվ, ամերիկահայ համայնքը այլ տարբերակ չունի, քան բողոքարկելու վճիռը ԱՄՆ գերագույն դատարան: Սակայն կա մի շատ բացահայտ հարց. դաշնային դատարանը պետք է ստիպի գերմանական ապահովագրական ընկերություններին կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները բոլոր ապահովադիրների նկատմամբ, մանավանդ' ցեղասպանության զոհերի հանդեպ»,-համոզված է Սասունյանը: